Արմինֆո. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կարող է որոշ ժամանակով մեկնել երկրից: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
«Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցն արգելք չէ, որ նա որոշ ժամանակով բացակայի Հայաստանից»,- նշել են մամուլի ծառայությունում: Միաժամանակ ՀՔԾ-ում չեն մանրամասնել երկրից նրա բացակայության թույլատրելի ժամկետը:
Օհանջանյանի խոսքով, Խաչատուրովն արդեն իրազեկվել է այդ մասին:
Ավելի վաղ 2008 թ. մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ անցնող ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել քննչական մարմնին՝ թույլ տալու նրան մեկնել Մոսկվա աշխատանքային պարտականությունները կատարելու:
Նշենք, որ հանրապետության օրենսդրությունը գրավի դիմաց ազատության մեջ գտնվող մեղադրյալի համար չի նախատեսում հանրապետությունում մշտապես գտնվելու պարտավորություն: Միաժամանակ օրենքն արգելում է գրավի դիմաց ազատ արձակված մեղադրյալին լքել հանրապետության տարածքը՝ առանց քննչական մարմնի գիտության: