Արմինֆո. Հատուկ քննչական ծառայության ղեկավարը հետախուզման մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար, գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանի ՌԴ քաղաքացիության մասին տեղեկատվություն չունի: «Մեր ունեցած տվյալներով, Միքայել Հարությունյանը միայն ՀՀ քաղաքացի է՚, - ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը:
Ընդ որում, Խաչատրյանը խուսափել է պատասխանել այն հարցին, թե որքանով իրավաչափ է, որ հայոց պետության բարձր զինվորական պաշտոնն զբաղեցնում է օտար պետության քաղաքացին: Այդուհանդերձ, ինչպես նա նշել է, Միքայել Հարությունյանի ՌԴ քաղաքացղիության վերաբերյալ տեղեկատվությունը կստուգվի:
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին Շենգավիթի շրջանի առաջին ատյանի դատարանը բավարարել է 2008 թվականին սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու ՀՔԾ միջնորդությունը: Նույն մեղադրանքն է առաջադրվել նաև Միքայել Հարությունյանին (Ինտերպոլի գծով հետախուզման մեջ է) և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին (որի նկատմամբ գրավ է կիրառվել): Օրերս ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել Միքայել Հարությունյանի ՌԴ քաղաքացիության մասին: Այդ ֆոնին նշվել էր, որ Հարությունյանի հանձնումը քիչ հավանական է, քանի որ ՌԴ օրենսդրության համաձայն, քրեական հետապնդման համար անձանց հանձնում չի թույլատրվում, եթե անձը, որի նկատմամբ հարցում է ստացվել օտար պետությունից, ՌԴ քաղաքացի է :