Արմինֆո.«Իմ անձնական դիրքորոշումը տառացիորեն համընկնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության դիրքորոշմանը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով իրենց քաղաքական նախորդների նկատմամբ հանրապետության իշխանությունների քաղաքականության առնչությամբ ՌԴ ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը:
Անդրադառնալով Հայաստանի հանրապետական կուսակցության գնահատակններին, թե Լավրովի հայտարարությունն ահազանգ է, որը վտանգավոր հետևանքներ է կանխատեսում՝ Արարատ Միրզոյանը հայտարարել է. «Բազմիցս ապացուցված է, որ ՀՀԿ կողմից իրավիճակի գնահատականները հիմնականում հեռու են օբյեկտիվությունից»:
Նշենք, որ հուլիսի 31-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանի իրադարձությունները հակասում են նոր ղեկավարության՝ իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու հայտարարություններին հակառակ: «Ռուսաստանը՝ որպես Երևանի դաշնակից, միշտ շահագրգռված է եղել հայկական պետականության կայունությամբ: Այդ պատճառով այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող մեզ չանհանգստացնել, ընդ որում՝ նաև ԱՊՀ այն կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից, որոնց անդամակցում է Հայաստանը»,-ասել էր նա:«Բայց վերջին օրերին իրադարձությունների ընթացքը հստակ խախտում է եղած դրական միտումը, հակառակ է գնում Հայաստանի նոր ղեկավարության արած հայտարարություններին, թե իրենք մտադիր չեն հետապնդել նախկիններին՝ քաղաքական մոտիվներով»,-եզրափակել էր ՌԴ արտաքին գործերի նախարարը:
Նախօրեին ԱրմԻնֆո-ի խնդրանքով մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել է, որ Հայաստանը հետևում է միջազգային արձագանքներին ՀՀ-ում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններ հանդիսացող իրավական պետության և արդարադատության անկախ համակարգի կայացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով: «Այս գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան։ Այս առնչությամբ վերահաստատում ենք, որ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնք հստակորեն ամրագրված են խորհրդարանի կողմից հաստատված կառավարության ծրագրում, ուղղված են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը, ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը։Մենք անշեղորեն հետևում ենք հռչակված ուղեգծին»,- ասել է Բալայանը: