Արմինֆո.«Ես չեմ իջնում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների մակարդակին, ովքեր ՀՔԾ-ին մեղադրում են իրավական անգրագիտության մեջ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
Նրա խոսքով մեղադրանք առաջադրելու որոշումն այնքան հստակ և հիմնավորված է, որ իր համար անհասկանալի, տեղ-տեղ նաև ծիծաղելի է պաշտպանական կողմի այդ մանիպուլյացիաները:
Ռոբերտ Քոչարյանը, ինչպես հայտարարել է Խաչատրյանը, մեղադրվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու մեջ: Նրա խոսքով, նման մեղադրանք առաջադրելու համար հիմք է հանդիսացել բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներում, ինչն արգելված է ինչպես նախկին, այնպես էլ` Սահմանադրության ներկայիս խմբագրությամբ: «Բանակի ներգրավում կարող է լինել միայն այն դեպքում, եթե հայտարարված լիներ ռազմական դրություն, ինչը հայտարարված չի եղել»,- ասել է Սասուն Խաչատրյանը:
Անդրադառնալով մեղադրանքներին, թե Քոչարյանը հարցաքննության է հրավիրվել որպես վկա, բայց տեղում «վերափոխվել է» մեղադրյալի՝ Սասուն Խաչատրյանը նշել է, որ քրեական դատավարությունը դինամիկ պրոցես է, իսկ անձի կարգավիճակը գնահատվում է կոնկրետ պահին ապացույցների համակցության հիման վրա:
Անդրադառնալով Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության համար ԱԺ 41 պատգամավորի կողմից ստորագրահավաքին՝ Խաչատրյանը նշել է, որ դատախազն է որոշելու՝ կմնա Քոչարյանը կալանքի տակ, թե՞ կբավարարվի փաստաբանների միջնորդությունը: