Արմինֆո.«Մենք հետևում ենք միջազգային արձագանքներին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններ հանդիսացող իրավական պետության և արդարադատության անկախ համակարգի կայացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով»: Այդ մասին ասել է
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով «Արմինֆո» լրատվական գործակալության հարցին, թե ինչպես կբացատրի վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Մոսկվայից հնչող գնահատականների առնչությամբ Հայաստանում բուռն արաձագանքը:
«Այս գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան։
Այս առնչությամբ վերահաստատում ենք, որ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնք հստակորեն ամրագրված են խորհրդարանի կողմից հաստատված կառավարության ծրագրում, ուղղված են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը, ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը։Մենք անշեղորեն հետևում ենք հռչակված ուղեգծին»,- ասել է Բալայանը:
Նշենք, որ նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանի իրադարձությունները հակասում են նոր ղեկավարության՝ իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու հայտարարություններին հակառակ: «Ռուսաստանը՝ որպես Երևանի դաշնակից, միշտ շահագրգռված է եղել հայկական պետականության կայունությամբ: Այդ պատճառով այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող մեզ չանհանգստացնել, ընդ որում՝ նաև ԱՊՀ այն կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից, որոնց անդամակցում է Հայաստանը»,-ասել էր նա:
«Բայց վերջին օրերին իրադարձությունների ընթացքը հստակ խախտում է եղած դրական միտումը, հակառակ է գնում Հայաստանի նոր ղեկավարության արած հայտարարություններին, թե իրենք մտադիր չեն հետապնդել նախկիններին՝ քաղաքական մոտիվներով»,-եզրափակել էր ՌԴ արտաքին գործերի նախարարը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ