Արմինֆո. ԱԺ պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության նախկին անդամ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ին առաջադրված 5,2 միլիարդ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորությունն ամբողջությամբ վերականգնվել է, ԱրմԻնֆո-ին հայտնել են ՊԵԿ մամուլի ծառայությունից:
Տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ում նշանակվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում: Ստուգումն իրականացվել է Պետական եկամուտների կոմիտեի տարբեր ստորաբաժանումների համատեղ ուժերով, որի արդյունքում 2018 թվականի հուլիսի 26-ին կազմված ստուգման ակտով կազմակեպությանն առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման 5,2 միլիարդ դրամ հարկային պարտավորություն (ԱԱՀ-ի և շահութահարկի գծով:)
«2018 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ընկերությանն առաջադրված լրացուցիչ հարկային պարտավորությունն ամբողջությամբ վերականգնվել է»,- նշել են ՊԵԿ մամուլի ծառայությունում: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսին Սամվել Ալեքսանյանին պատկանող Yerevan City սուպերմարկետներում խուզարկությունների էին անցկացվել, որոնց արդյունքում ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր կոռուպցիոն սխեմայի բացահայտման մասին, ինչը հնարավորություն էր տվել խոշոր առևտրի ցանցերին տարիներ շարունակ խուսափել հարկեր վճարելուց: