Արմինֆո.ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախումբը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` կոչ անելով առաջիկա սեպտեմբերին Նյու Յորքում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` ՄԱԿ գագաթնաժողովի հարթակներում: Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը, նամակն ստորագրել է 48 կոնգրեսական:
«Նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև խոսակցությունը, որում ընդգծվում է տնտեսական զարգացումը, անվտանգությունն ու ժողովրդավարությունը, վճռական նշանակություն ունի մեր երկրների միջև ռազմավարական գործընկերությանը հզոր շրջադարձի համար՚, - հայտարարել է կոնգրեսական կրտսեր Ֆրենկ Փալոնը:
Թրամփին հղված նամակում, մասնավորապես, ասվում է. «Հեղափոխությունից հետո իշխանության խաղաղ փոխանցումն առավել արդար և ժողովրդավար պետություն ունենալու հայ ժողովրդի կամքի վկայությունն է: Քանի որ Հայաստանը ձգտում է ամրապնդել կառավարության թափանցիկությունը, ժողովրդավարական ինստիտուտները և ընդլայնել քաղաքացիական հասարակության հնարավորությունները, կարևոր է, որպեսզի Միացյալ Նահանգները խորացնեն կապերն այդ տարածաշրջանային գործընկերոջ հետ` պետական կառավարման բոլոր մակարդակներում՚:
Մեկ շաբաթ առաջ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահները ստորագրահավաք են սկսել, որպեսզի նամակով դիմեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ գագաթնաժողովի ժամանակ: Այդ հանդիպումը, կոնգրեսականների կարծիքով, կարող է հանգեցնել հայ-ամերիկյան երկխոսության ընդլայնման և Հայաստանի հետագա միջազգային տնտեսական ինտեգրման, ինչպես նաև երկկողմ առևտրի և ներդրումների աճի: Հայաստանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հանդիպում կազմակերպելու մտադրությունը նախօրեին մամուլի ասուլիսում հաստատել է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնալ Տիգրան Բալայանը: Նրա ասելով, այժմ քննարկվում են կազմակերպական հարցեր: «Մենք հաստատում ենք առաջիկա սեպտեմբերին Փաշինյանի մասնակցությունը ՆյուՅորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի նիստին, որի շրջանակում նա մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի, հնարավոր է` նաև Թրամփի հետ՚, - նշել է Բալայանը, հավելելով, որ առայժմ չի կարող ասել, թե արդյոք Փաշինյան-Թրամփ հանդիպման շուրջ կա վերջնական պայմանավորվածություն: Ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն ընդգծել էր, որ քննարկվում է ՄԱԿ գլխավոր ասամբլեայի նիստի հարթակներում Թրամփ-Փաշինյան հանդիպում կազմակերպելու հնարավորությունը: «Սակայն երկու ղեկավարների գրաֆիկները չափազանց հագեցած են, և նրանց աշխատակազմերը փորձում են պատուհան գտնել հանդիպման համար՚, - նշել էր դիվանագետը, ընդգծելով, որ հանդիպման մասին առայժմ պայմանավորվածություն չկա:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ