Արմինֆո. Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնում հայ-ռուսական հարբերություններում վերջին՝ իրենց բնորոշմամբ վտանգավոր միտումների առնչությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցոմ հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև «ոչ մեծ», բայց դիվանագիտական առումով բավական ցուցադրական «փոխհրաձգությունը» առիթ է տալիս մտածելու, որ այժմ հայ-ռուսական հարաբերությունները լավագույն ժամանակաշրջանը չեն ապրում: «Նույնը վերաբերում է նաև Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններին»,- նշել է նա: Մինչդեռ, ինչպես հիշեցրել է փոխխոսնակը, Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական գործընկերությունը կոչված է առաջին հերթին սպասարկելու ՀՀ պետական շահերը: «Մենք պետք է գիտակցենք, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրողություններում ՀԱՊԿ-ն այլընտրանք չունի՝ Հայաստանի անվտանգության ապահովման առումով»,- ընդգծել է Շարմազանովը:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն իր հերթին Facebook-ի իր էջում գրել է. «Ինչքան էլ իշխանությունները փորձեն կենտրոնացնել քաղաքացիների ուշադրությունը ներքաղաքական գործընթացների վրա և ջանքեր գործադրեն քայքայելու քաղաքական դաշտը, անփույթ վարվող քաղաքականության հետևանքով Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրը էլ ավելի լարված է: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործի իրավական կողմը դնելով մի կողմ՝ ակնհայտ է, որ այն ձևն ու կերպը, որով իրականացվեց այդ գործընթացը, վնասել են ՀԱՊԿ-ի հեղինակությանը: Իդեպ, այդ ռիսկերը ակնհայտ էին գործընթացի հենց սկզբից: Հաճելի չէր նաև ռուսական ԱԳՆ-ի պաշտոնական արձագանքը և դրա մատուցման ձևը: Ալ Ջազիրային տրված իր հարցազրույցում (հրապարակվել է հուլիսի 27-ին) վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկնեց ռուսական կողմին իր ուղղված մեղադրանքը սադրանք կազմակերպելու մեջ, թեպետ մինչ այդ պաշտպանության նախարարը բավական հաջող հարթել էր սկանդալային թեման: Ադրբեջանական ՍՊՈՒՏՆԻԿ գործակալությանը իր տրված հարցազրույցում Մարիա Զախարովան չի տարբերակել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ, չնայած Հայաստան-ՌԴ հարաբերությունները դաշնակցային են և շատ ավելի ռազմավարական : Թվարկված երկկողմանի բացասական ազդակները չեն կարող չմտահոգել, հատկապես հաշվի առնելով Հայաստանի իշխանափոխությունից հետո Մոսկվայում գերակտիվացած և ագրեսիվացած ադրբեջանական լոբբինգի աշխատանքը: Չմոռանանք նաև մեր երկրում ակտիվ գործող և մասնակիորեն իշխանության մեջ ներկայացված հակառուսական ճակատը: Ցանկացած երկկողմանի հարաբերություն պետք է խարսխված լինի արժանապատվության, փոխադարձ հարգանքի և ինքնիշխանության վրա, ու սպասարկի երկրի պետական շահը: Այս դեպքում թե Հայաստանի, թե Ռուսաստանի շահերը թելադրում են նույն իմպերատիվը՝ հայ-ռուսական հարբերությունները պետք է մնան ռազմավարական-դաշնակցային: Մնացածը՝ վտանգավոր խաղ է բոլոր կողմերի համար»: