Արմինֆո.Պետական այցով Հայաստանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան եւ տիկին Լաուրա Մատարելլան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի եւ տիկին Նունե Սարգսյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր:
Հայաստանի եւ Իտալիայի նախագահները հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել հուշակոթողին եւ ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան եղեւնի է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակում:
Նշենք, որ նախօրեին Հայաստանի և Իտալիայի նախագահները ճեպազրույցի ժամանակ հայտարարել են, որ հանդիպումն ընթացել է ջերմ մթնոլորտում, բովանդակալից քննարկում է տեղի ունեցել հայ-իտալական համագործակցության լայն օրակարգի շուրջ։ Մասնավորապես, նախագահ Արմեն Սարգսյանի խոսքով, կողմերը վերահաստատել են միջպետական հարաբերություններն ամրապնդելու մեր հանձնառությունը: «Համաձայնեցինք, որ պետք է լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-իտալական գործակցությանը նոր դինամիկ զարգացում հաղորդելու ուղղությամբ՝ ինչպես երկկողմ ֆորմատով, այնպես էլ միջազգային հարթակներում, այդ թվում՝ նաեւ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում: Արձանագրեցինք, որ Իտալիան, ընթացիկ տարում լինելով նաև ԵԱՀԿ նախագահող երկիր, կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման միակ միջազգային ձեւաչափին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը: Անդրադարձանք Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը։ Սա եւս մի ուղղություն է, որտեղ հայ-իտալական հարաբերությունները խորացնելու մեծ հեռանկարներ կան։ Այս առնչությամբ հույս հայտնեցի, որ Իտալիան նույնպես շուտով կվավերացնի Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»,- ասել է ՀՀ նախագահը:
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան իր հերթին նշել է, որ Հայաստանի ու Իտալիայի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, և կա տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունն էլ ավելի խորացնելու պատրաստակամություն: Հայաստանը և Իտալիան հաջողությամբ համագործակցում են տարբեր ուղղություններով, մասնավորապես՝ Լիբանանում հայ և իտալացի խաղաղապահները միմյանց հետ են աշխատում: Ակտիվ աշխատանք է տարվում առևտրի, տնտեսության, մշակութային, գիտական ոլորտներում, սակայն, ըստ Իտալիայի նախագահի, դրանք էլ ավելի զարգացնելու ներուժ կա: «Իմ այս այցելությունը լավ հնարավորություն է երկկողմ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու, բարեկամությունը խորացնելու համար»,- ասել է Մատարելան: Նրա խոսքով, ղարաբաղյան հարցում Իտալիան անպայման կաջակցի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Իտալիան, ինչպես նշել է նա, շատ բարձր գնահատել Հայաստան-ԵՄ համաձայնագրին, ինչը ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու հիանալի հնարավորություն է:
Սերջիո Մատարելան ընդգծել է, որ օրակարգում է նաև գիտության ոլորտում համագործակցության հարցը: Երկու երկրների նախագահներն առանձնացրել են աստղաֆիզիկայի ոլորտը:
Հուլիսի 30-ին Սերջիո Մատարելլայի գլխավորած պատվիրակությունն այցելել է
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ Իտալիայի Հանրապետության նախագահը շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանային համալիրում և ծանոթացել հայ ձեռագրական ժառանգությանը: Շրջայցի ավարտին նախագահ Սերջիո Մատարելլան գրառում է կատարել Մատենադարանի նշանավոր այցելուների տպավորությունների գրքում:
Աչդեն երեկոյան ի պատիվ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի եւ տիկին Լաուրա Մատարելլայի՝ հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանի եւ տիկին Նունե Սարգսյանի անունից տրվել է պետական ճաշ:
Նախագահներ Արմեն Սարգսյանը եւ Սերջիո Մատարելլան հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են հայ-իտալական դարավոր բարեկամությանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած 25 տարիների ընթացքում ձևավորված միջպետական ամուր հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարին, ամենատարբեր ոլորտներ ընդգրկող հայ-իտալական երկկողմ օրակարգի հարցերին