Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական այցը Ռուսաստան տեղի կունենա սեպտեմբերի 1-ին, տեղեկացնում է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը: Այդ մասին հայտնել է Turan-ը:
Ավելի վաղ Մոսկվայում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով ադրբեջանառուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինի հանդիպումն Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուսթաֆաևի հետ:
Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկու երկրների առաջիկա իրադարձությունները սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում: Մասնավորապես, կողմերը քննարկել են երկկողմ փաստաթղթերի փաթեթը, որոնք նախատեսում են ստորագրել այդ այցի ընթացքում:
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև սեպտեմբերին Գյանջայում անցկացվելիք 9-րդ ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային համաժողովի անցկացմանն առնչվող հարցեր: Ներկայումս կազմվում է միջոցառումների ծրագիր և որոշվում է անցկացման ժամկետը: