Արմինֆո. Հայաստանը կմասնակցի Վրաստանում ՆԱՏՕ-ի «Ազնիվ գործընկեր» (Noble Partner- 2018) զորավարժություններին, ԱրմԻնֆո-ին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Հայաստանի ԶՈւ չորս սպա կմեկնի Վրաստան՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժություններին»,- հայտնել է Հովհաննիսյանը:
ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկեր երկրների ավելի քան 3000 զինծառայող կմասնակցի օգոստոսի 1-15-ը Վրաստանում կայանալիք «Ազնիվ գործընկեր» (Noble Partner 2018) զորավարժություններին:
Չնայած այն բանին, որ Վրաստանի պաշտպանական գերատեսչությունը դեռ 10 օր առաջ իր պաշտոնական հաղորդագրությունում Հայաստանին հիշատակել էր՝ որպես «Ազնիվ գործընկեր 2018» զորավարժությունների մասնակից երկիր՝ հայկական կողմը մինչ այսօր պաշտոնապես չէր հաստատել իր մասնակցությունը:
Հատկանշական է, որ անցած տարի Հայաստանը վերջին պահին հրաժարվել էր մասնակցել Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին՝ չնայած այն բանին, որ վրացական կողմի տեղեկատվության համաձայն՝ Երևանն ի սկզբանե հայտարարել էր մասնակցելու ցանկության մասին: Այն բանից հետո, երբ հայ զինվորականները չժամանեցին Վրաստան՝ մասնակցելու 2007 թ. ՆԱՏՕ-ի զորավարժություններին, ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց, որ այդ որոշումն ընդունվել է Մոսկայի ճնշման հետևանքով: Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հերքել այդ մեղադրանքները՝ հավաստելով, որ Հայաստանը Վրաստանում զորավարժություններին մասնակցության հայտ չի ներկայացրել: Մինչդեռ Վրաստանի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ հայտ ներկայացվել է, և ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցությունից Հայաստանի հարժարվելու մասին Թբիլիսիին հայտնի է դարձել զորավարժություններից մեկ օր առաջ: ՀՀ ՊՆ այդ քայլը բուռն բանավեճերի առիթ է հանդիսացել, հայաստանյան փորձագիտական շրջանակները քննադատության են ենթարկել պաշտոնական Երևանին՝ կարծիք հայտնելով, որ հրաժարվելով մասնակցել ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող միջոցառմանը՝ Հայաստանը վնաս է հասցնում իր միջազգային հեղինակությանը: