Արմինֆո. «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ որդին՝ Արթուր Վաղարշյանը, հնարավոր է, բռնվել է թմրամիջոցների մաքսանենգության մեջ:
Ինչպես հայտնել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում՝ ի պատասխան ԱրմԻնֆո-ի հարցմանը, ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Արթուր Վաղարշակի Վաղարշյանը (նախկին ազգանունը Աբրահամյան) ՀՀ պետական սահմանով մաքսանենգությամբ թմրամիջոց տեղափոխելու կասկածանքով 2018թ. հունվարի 16-ին ձերբակալվել է:
Տեղեկատվության համաձայն՝ 2018թ. հունվարի 18-ին որոշում է կայացվել Արթուր Վաղարշակի Վաղարշյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նույն օրվա որոշմամբ բավարարվել է քննիչի միջնորդությունը և Ա.Վաղարշյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2018թ. հունվարի 25-ին Ա.Վաղարշյանի պաշտպանի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան Ա.Վաղարշյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին, որը 2018թ. հունվարի 26-ին դատարանի կողմից բավարարվել է: Դատարանի դեպոզիտ հաշվին գրավի գումարի վճարված լինելու հիմքով Ա.Վաղարշյանը ազատ է արձակվել:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Միաժամանակ, ինչպես հայտնել են են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում, չնայած ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերին, Վաղարշ Աբրահամյանի կինը՝ Նունե Նալբանդյանը, հիշյալ քրեական գործի շրջանակներում չի ձերբակալվել և սույն քրեական գործով «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնում խուզարկություն չի իրականացվել: