Արմինֆո. «Աննպատակահարմար և անտրամաբանական եմ համարում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը: Վերջիվերջո, Քոչարյանը կամովին ներկայացել է հարցաքննության, հայտարարել, որ մտադիր է մնալ մինչև քննության ավարտը և պատասխանել բոլոր հարցերին: Չեմ հասկանում Հայաստանի երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահին կալանավորելու ցանկության հապճեպությունը, մի մարդու՝ ով իր մեծ ավանդն է ունեցել Ղարաբաղի ազատագրման և ՀՀ զարգացման գործում»: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Քոչարյանը ժամանակին թշնամու փամփուշտից չի վախեցել, հազիվ թե քննությունից վախենա: Այնպես որ՝ նրան հապճեպ կալանավորելու ցանկությունն ինձ համար հասկանալի չէ»,- նշել է մամուլի քարտուղարը՝ ըստ որում որոշակիորեն համաձայնելով Քոչարյանի կարծիքին, որ իր նկատմամբ վերջին գործընթացները կարող են առաջիկա քաղաքական գործընթացներին, մասնավորապես՝ վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին երկրորդ նախագահի հնարավոր մասնակցությունը կանխելու նպատակ հետապնդել:
Շարմազանովը չի բացառել անձնական և քաղաքական շարժառիթների դրսևորումները 2008 թ. մարտի 1-ի գործում: «Սակայն, եթե դա այդպես է, նման դրսևորումները կարող են խիստ բացասական հետևանքներ ունենալ պետության համար»,- նշել է նա: Փոխխոսնակն ընդգծել է նաև, որ իրավական գործընթացում կան շատ հարցեր, որոնք առնվազն տարակուսանք են հարուցում: «Սահմանադրության 140 հոդվածի համաձայն`հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Հարց է ծագում՝ արդյո՞ք 2008 թվականի մարտյան իրադարձությունների ժամանակ արտակարգ դրություն հայտարարելը բխել է Քոչարյանի պաշտոնական լիազորություններից: Բացի այդ, նրան սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել, ինչի երաշխավորը նա հանդիսացել է նախագահ եղած ժամանակ: Ինչպես կարող է սահմանադրական կարգի երաշխավոր հանդիսացող մարդն ինքը տապալել այն: Կա մեկ այլ իրավական կազուս. Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել նրա հրաժարականից մեկ տարի անց ընդունված հոդվածի համաձայն: Կարծում եմ, որ բոլոր այդ՝ մեղմ ասած, կասկածելի հարցերին պետք է պատասխան տա քննությունը, ինչը, հուսանք, արդար և օբյեկտիվ կլինի»,- ասել է Շարմազանովը:
Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքին՝ Շարմազանովը նշել է, որ դա կարող է ստվեր նետել ՀԱՊԿ-ում, ինչպես նաև միջազգային այլ հարթակներում Հայաստանի հեղինակության վրա: