Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը տեսագրվելու է, լրագրողներին հայտնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը:
Նրա խոսքով, համապատասխան որոշում արդեն ընդունվել է: Այնուամենայնիվ, ինչպես նշել է Խաչատրյանը, դա չի նշանակում, որ տեսագրությունը հրապարակայնացվելու է. այն կցվելու է գործին:
Միաժամանալ ՀՔԾ ղեկավարը չի նշել ինչպես քննիչի անունը, ով վարելու է հարցաքննությունը, այնպես էլ քննչական խմբի ղեկավարի անունը: «Նա ոչ Էդիկ Հակոբյանն է, ոչ էլ Մուշեղ Բաբայանը /այս անուններն են շրջանառվում ԶԼՄ-ներում-խմբ.»,- հայտարարել է նա՝ ընդգծելով, որ այսօր ձեռնպահ կմնա անուններ նշելուց՝ նրանց ավելորդ ուշադրությունից զերծ պահելու նպատակով:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին հարցաքննության է կանչվել Հատուկ քննչական ծառայություն: Հարցաքննությունը տեղի կունենա 12: 00-ին: ՔՀԾ-ն խոստացել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառել դատավարական հարկադրական միջոցներ` հարցաքննության չներկայանալու դեպքում: Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն իր հերթին հավաստիացրել էր, որ Քոչարյանն ինքն է շահագրգռված մարտի 1-ի դեպքերի բացահայտմամբ: «Եթե բոլոր գործընթացներն ընթանան իրավական, այլ ոչ թե քաղաքական հունով, Քոչարյանը որևէ մտավախություն չունի»,- ասել էր Սողոմոնյանը: