Արմինֆո. Թեեւ իրավիճակը սահմանին կայուն է, պատերազմի պետք է սպասել յուրաքանչյուր վայրկյան: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Մենք միշտ սպասում ենք պատերազմի, ընդ որում` ոչ միայն Ադրբեջանի կողմից», - նշել է նա:
Անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե այսուհետև Ադրբեջանին թույլ չի տրվելու պահպանել իրավիճակի սրման տեղը, ժամանակը և մասշտաբը որոշելու մենաշնորհային իրավունքը, և ադրբեջանական կողմի հերթական սադրանքի դեպքում Հայաստանը կարող է չդիմանալ իր ողջ զինանոցը կիրառելու գայթակղությանը` հակառակորդին վճռական և լայնածավալ հակազդեցության համար, Տոնոյանը նշել է. «Նման հայտարարություն անելիս ես հենվում եմ մեր բանակի մարտական ոգու և պատրաստվածության վրա: Այն, ինչի մասին հայտարարում են վարչապետն ու պաշտպանության նախարարը, պարտադիր կյանքի կկոչվի՚:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան տեղամասում առկա իրավիճակին` Տոնոյանը հաղորդել է, որ ադրբեջանական կողմից սեփական դիրքերի ամրապնդման ինժեներական աշխատանքները շարունակվում են: «Սակայն այդ բոլոր գործընթացները մեր լիակատար վերահսկողության ներքո են՚, - ամփոփել է նախարարը: