Արմինֆո. Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը երբևէ չի հաղորդել, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում հայտնաբերված ավտոմեքենաները գրանցված են եղել Արցախի պաշտպանության բանակի հաշվեկշռում: Այդ մասին ասվում է Հայաստանի ՀՔԾ տարածած մամուլի հաղորդագրությունում:
«Հաշվի առնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում քննվող` ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով հասարակության և զանգվածային լրատվության միջոցների հետաքրքրվածությունն ու քրեական գործի որոշ դրվագների վերաբերյալ ԶԼՄ-ներից ստացվող բազմաթիվ հարցումները, անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ հիշյալ քրեական գործով երբևէ չի հաղորդվել, որ Մ. Գրիգորյանին պատկանող տարածքներում հայտնաբերված ավտոմեքենաները գրանցված են եղել Արցախի պաշտպանության բանակի հաշվեկշռում: Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին մի շարք բարերարներ բազմաթիվ ավտոմեքենաներ են նվիրաբերել Արցախի պաշտպանության բանակին, սակայն դրանց մի մասը չի հասել հասցեատերերին, այլ հայտնաբերվել է Մ. Գրիգորյանին պատկանող տարածքների խուզարկություններով: Պարզվել է նաև, որ նշված ավտոմեքենաները հաշվառվել են Մ. Գրիգորյանի մտերիմ անձանց անուններով: Նախաքննությունը շարունակվում է՚, - ասվում է հաղորդագրությունում: