Արմինֆո. Ադրբեջանն Իսրայելից ձեռք է բերել օպերատիվ մարտավարական հրթիռներ, որոնց հեռահարությունը 300 կմ է, նմանատիպ զենք մենք էլ ունենք, և կարող ենք խոցել ադրբեջանական հրթիռները: Այդ մասին Ստեփանակերտում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
«Մենք հնարավորություն ունենք կաթվածահար անելու Ադրբեջանի տնտեսությունը, սակայն առայժմ դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում»,- ընդգծել է Արցախի պաշտպանության նախարարը՝ պատասխանելով Մինգեչաուրի ջրամբարը ռմբակոծելու հնարավորությանը:
Լրագրողները հետաքրքրվել են նաև ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ կորցրած Լելե Թեփ բարձունքը վերադարձնելու հնարավորությամբ, ինչին նախարարը պատասխանել է, «Լելե թեփեին մեծ նշանակություն եք տալիս, դրա գագաթին մի մեքենա էլ չի կարող կանգնել: Մենք նույնպես այդ բարձունքին հավասար բարձունքներ ունենք Լելե Թեփեի դիմաց»:
Մնացականյանն անդրադարձել է նաև Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակին: Նա հայտնել է, որ ամիսներ առաջ առաջնագծում կուտակված ադրբեջանական ուժերը հետ են քաշվել: Ըստ որում, նախարարը չի բացառել նոր սադրանքների հնարավորությունը: «Ցանկացած միջադեպ կարող է վերաճել լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման»,- ասել է Մնացականյանը:
Նրա խոսքով, վերջին ժամանակներս իրավիճակը կարելի է գնահատել կայուն հանգիստ: «Նման հանգիստ վիճակ վաղուց չի եղել, սակայն հնարավոր է իրավիճակի սրացում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին»,- ընդգծել է Մնացականյանը: