Արմինֆո. Առանց բանակցություններին Արցախի մասնակցությանը, ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բոլոր աշխատանքային փաստաթղթերում հստակ ամրագրված է, որ Ստեփանակերտը պետք է մասնակցի բանակցությունների վերջնական փուլին»,- նշել է նա՝ ավելացնելով, որ առայժմ խնդրի կարգավորման շուրջ կարող են լինել քննարկումներ:
«Արդեն հայտարարել եմ, որ պատրաստ եմ Ադրբեջանի նախագահի հետ բանակցություններին, և այժմ էլ կրկնում եմ դա: Կան նյութեր, որոնց հետ պետք է ծանոթանալ և որոնց շուրջ անհրաժեշտ է բանակցել»,- նշել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ բանակցությունները կարևոր են վստահության մթնոլորտի ստեղծման համար, առանց դրա հարցը չի կարող կարգավորվել: Փաշինյանն անթույլատրելի է համարել նաև Բաքվի կողմից ռազմատենչ հայտարարությունները՝ նշելով, որ հայկական կողմը երբեք իրավիճակի սրացմանն ուղղված քայլերի չի գնա:
Ըստ որում, ՀՀ վարչապետը կրկին կարծիք է հայտնել, որ վերջին ժամանակներս Ալիևի ռազմատենչ հռետորաբանությունը պայմանավորված է նաև Ադրբեջանում ժողովրդավարական գործընթացների տարածման հնարավորության առնչությամբ մտավախություններով: «Հանդես գալով ռազմատենչ սպառնալիքներով՝ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է իր հասարակայնության ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից»,- նշել է Փաշինյանը: Միաժամանակ նա կրկին ընդգծել է, որ Հայաստանում վերջին գործընթացներ բացառապես ներքաղաքական ենթատեքստ են ունեցել: Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում փոխզիջումների մասին՝ նա հայտարարել է, որ տվյալ փուլում այդ մասին նպատակահարմար չէ խոսել, քանի որ Բաքուն հանդես է գալիս մաքսիմալիստական դիրքերից: «Երբ հասկանանք, որ Բաքուն պատրաստ է փոխզիջման, կորոշենք, թե ինչ զիջումների կարող է գնալ հայկական կողմը, ըստ որում՝ կորոշենք դա ժողովրդի հետ միասին: Բացառում եմ ղարաբաղյան հակամարտության ցանկացած լուծումը, որն ընդունելի չի լինի ժողովրդի կողմից»,- հավաստիացրել է Փաշինյանը: