Արմինֆո. Վարչապետին՝ Վայոց Ձոր կատարած այցի ընթացքում ներկայացվել է, թե ակտիվիստների՝ Համապատասխանության ապահովման պաշտպան խորհրդականի (ՀԱՊ) գրասենյակ հղած բողոքի արդյունքում ՀԱՊ-ը եզրակացրել է, թե Ամուլսարի ծրագիրում պատշաճ չի գնահատված Ջերմուկ տուրիստական բրենդի վրա հնարավոր ազդեցությունը և Միջազգային ֆինանասական կորպորացիան (IFC) իբր հրաժարվել է Ամուլսարի ծրագրի ֆինանսավորումից՝ ՀԱՊ կողմից «բացահայտված բնապահպանական խնդիրների պատճառով»: Ինչպես նշվում է Լիդիան Արմենիա ընկերության պաշտոնական հայտարարության մեջ, այս պնդումը իրականությանը չի համապատասխանում մի քանի կետով:
«IFC-ն երբեք չի հայտարարել Ամուլսարում բնապահպանական որևէ խնդրի պատճառով ծրագրից դուրս գալու մասին: Ավելին՝ IFC-ի պատասխանում, որն ի դեպ հրապարակային է, վերահաստատվում է, որ Ամուլսարի ծրագրի Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականը համապատասխանում է միջազգային լավագույն փորձին, սա համարելով մեծ ձեռքբերում Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում նոր չափանիշների ներդրման ուղղությամբ»,-ասված է հայտարարության մեջ: Միևնույն ժամանակ, IFC-ն նաև տեղեկացնում է, որ դուրս է եկել Լիդիանի բաժնետերերի կազմից, որովհետև Լիդիանը «հաջողությամբ իրականացրել է հանքի շինարարության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավումը մասնավոր աղբյուրներից»: Այսինքն՝ պատճառները ֆինասական են: Ավելին IFC-ի հայտարարության մեջ ասվում է՝ «Մենք վստահ ենք, որ Ամուլսարի ծրագրի կայուն զարգացումը ունի Հայաստանում տնտեսական աճին նպաստելու ներուժ»:
Ավելին, Լիդիանի բաժնետերերի կազմից դուրս գալու մասին ԱրմԻնֆո գործակալության հարցադրմանը, ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են. «2007 թվականից ի վեր IFC- ն աջակցում է Լիդիանին և Ամուլսարի ոսկու արդյունահանման նախագծին, Հայաստանում հանքարդյունաբերության զարգացմանն աջակցելու ռազմավարության շրջանակներում: Հաշվի առնելով Լիդիանի հաջողությունը ծրագիրն ամբողջովին ֆինանսավորելու առումով, 2017 թվականի մայիսին IFC- ն հրաժարվեց իր ներդրումներից ընկերությունում, քանի որ մենք ձգտում ենք մեր կապիտալն օգտագործել այնտեղ, որտեղ այն առավելագույնս անհրաժեշտ է կայուն տնտեսական զարգացման համար»:
Ըստ ընկերության հաղորդագրության, վարչապետին միտումնավոր չի տեղեկացվել այն մասին, որ ՀԱՊ հետաքննության արդյունքում իրականում հերքվել են բողոքի հեղինակների պնդումների մեծ մասը՝ Սևանի, Որոտանի, Ջերմուկի ջրերի աղտոտման և բողոքում ներկայացված մի շարք այլ պնդումների առումով: Գրասենյակի զեկույցում ասվում է, որ այս բոլոր հարցերը պատշաճ գնահատվել են և համարժեք միջոցառումներ են նախատեսվել՝ IFC չափանիշներին համապատասխան: «Կառավարության ղեկավարին պետք է տեղեկացվի, որ ՀԱՊ-ի եզրակացությունն առ այն, որ մակերևութային և ստորգետնյա ջրերի վրա ազդեցության ռիսկերը պատշաճ գնահատվել են և IFC չափանիշներին համապատասխան միջոցառումները նախագծվել են: Հետևաբար ջրերի աղտոտման վերաբերյալ պնդումներն անտեղի են, եթե ակտիվիստները հավատում են ՀԱՊ եզրակացությանը և ոչ թե միայն այն հատվածին, որն իրենց է դուր գալիս»,-ասված է ընկերության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիան՚ Հիշեցնենք, որ Lydian Armenia-ն բրիտանական Lydian International-ի դուստր ընկերությունն է, որի բաժնետերերն են նաև ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, մի շարք եվրոպական երկրների միջազգային ինստիտուցիենալ ներրդողներ, այդ թվում` IFC և EBRD: Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծն այսօր Հայաստանում արդյունաբերական ամենախոշոր նախագիծն է, որի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն դոլար: 2016 թվականի օգոստոսին տեղի ունեցավ նախագծի մեկնարկի պաշտոնական արարողությունը, որը նախատեսում է շինարարության և հանքավայրի իրացման սկիզբը: Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի և 4 ամիս, նախատեսվում է տարեկան արդյունահանել 200 հազար ունցիա ոսկի (մոտ 10 մլն. տոննա հանքանյութ): Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Ամուլսարի հանքավայրն իր պաշարնորով երկրորդն է Հայաստանում: