Արմինֆո. Beeline Ստարտափ Ինկուբատորում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում՝ նվիրված Հայաստանում գործող բիզնես հրեշտակների ցանցին։
Ինչպես տեղեկացրել է ընկերության մամուլի ծառայությունը, այդ ցանցն իրենից ներկայացնում է ներդրողների և ձեռնարկությունների միավորում, ովքեր ֆինանսական միջոցներից բացի ստարտափների և սկսնակ ձեռնարկատերերին տրամադրում են նաև այլ անհրաժեշտ ռեսուրսներ և ուղղակի դրական օրինակ են ծառայում նրանց համար:
Միջոցառման խոսնակներ՝ Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի հիմնադիր Գրիգոր Հովհաննիսյանը, Հայաստանի ստարտափ ակադեմիայի համահիմնադիր Համբարձում Քաղկեցյանը և Sprint Crowdfunders' Fund-ի ղեկավար Կարեն Վարդանյանը ներկայացրեցին այս տեսակ ներդրումների առավելություններն ու հնարավորությունները, ինչպես նաև հուշեցին հանդիպման մասնակիցներին, թե ինչպես կարելի է դիմել բիզնես հրեշտակների օգնությանը։
«Բիզնես հրեշտակների հետ համագործակցությունը շատ տարածված և հաջողված աշխատանքի մեթոդ է աշխարհում, և մենք ցանկանում ենք լավագույն միջազգային փորձը հնարավորինս հասանելի դարձնել հայկական ստարտափների համար։ Հուսով եմ, այսօրվա մասնակիցներն այսօր ստացված տեղեկությունները կկարողանան ապագայում օգտագործել իրենց ստարտափները հաջողության հասցնելու համար», - նշեց Հայաստանում Beeline Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline Ստարտափ Ինկուբատորն այս հանդիպումը կազմակերպել էր իր ռեզիդենտ ստարտափների, պոտենցիալ ռեզիդենտների և բոլոր հետաքրքրվողների տեղեկացվածության բարձրացման նպատակով:
Նշենք, որ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: