Արմինֆո. Գարնանը Հայաստանում տեղի ունեցած գործընթացները դրական են ընկալվել Ֆրանսիայում: Հուլիսի 12-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:
Նրա համոզմամբ, դա պայմանավորված է այդ գործընթացների խաղաղ բնույթով, և այն հանգամանքով, որ այդ ընթացքում ոչ մի ֆրանսիացի անհարմարություն չի զգացել: «Դրանք գործընթացներ էին, որոնց վրա արտաքին ներգործություն չի եղել: Բացի այդ, իրավիճակը կարգավորվել է երկրի օրենքի և սահմանադրության շրջանակներում՚, - նշել դիվանագետը: Նա նաև փաստել է, որ հետհեղափոխական Հայաստանում ժողովուրդը հավատարիմ է բոլոր խոստումների կատարման պահանջին: Նրա ասելով, դա նոր իրողություն է Հայաստանում, նոր դրական միտումներ:
Անդրադառնալով Բրյուսելում Փաշինյան-Մակրոն հանդիպմանը` Լաքոտը նշել է, որ հանդիպումն ընթացել է ջերմ մթնոլորտում, քանի որ այն առաջինն էր և ընթանում էր առաջիկա աշնանը նախատեսված երկու կարևոր իրադարձությունների` Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի և Ֆրանսիայի նախագահի Հայաստան պետական այցի նախաշեմին: Լաքոտը նաև ընդգծել է, որ Փաշինյան-Մակրոն հանդիպումը հերթական անգամ հնարավորություն է ընձեռել ցույց տալու, որ Ֆրանսիան միշտ կաջակցի Հայաստանին` թե ԵՄ շրջանակում, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում:
«Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նոր դինամիկա են հաղորդում մեր երկկողմ հարաբերություններին: Ֆրանսիայում մեծ ուշադրությամբ են հետևում Հայաստանում առկա գործընթացներին: Մենք տեսնում ենք, որ երկրի իշխանությունները հավատարիմ են կոռուպցիայի, մենաշնորհների և այլ բացասական դրսևորումների դեմ պայքարին: Եվ դա Հայաստանի հստակ ուղերձն է իր գործընկերներին, հատկապես` տնտեսական: Հավասար և բարենպաստ պայմանների ստեղծումը շուկայի բոլոր մասնակիցների համար, երաշխիքների տրամադրումը մարդու իրավունքների ապահովումը դրական ազդակներ են հնարավոր ներդրողների համար: Այն, ինչին մենք ականատես եղանք այս օրերին Հայաստանում, նկատի ունեմ պայքարն ընդդեմ կոռուպցիայի, դրական է գնահատվում Ֆրանսիայում: Գարունը բավականին հետաքրքիր էր և բացառիկ, և, կարծում եմ, մեզ սպասում է ոչ պակաս հետաքրքիր աշուն, քանի որ Հայաստանը կընդունի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որին կմասնակցեն 84 երկրների ղեկավարներ՚, - նշել է դեսպանը և այդ համատեքստում համոզմունք հայտնել, ոչ ՖՄԿ գագաթնաժողովը Հայաստանում իրեն կզգա ինչպես ստանը, ավելին, գարնանային գործընթացները նույնպես դրական ազդեցություն կգործեն գագաթնաժողովի ընթացքի վրա: Նրա ասելով, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ բոլորը ցանկանում են գալ Հայաստան և տեսնել այն երկիրը, որտեղ նման գործընթացներ են եղել: Լաքոտը նշել է, որ ավելացել է Հայաստան այցելելու հայտերի թիվը, այդ թվում` ներդրողների շրջանում:
«Մենք անհամբերությամբ սպասում ենք Մակրոնի պետական այցին Երևան, որը կարելի է ընկալել որպես այց նոր Հայաստան և հանդիպում երկրի նոր իշխանությունների հետ: Այցի օրակարգը դեռ լրամշակված չէ, սակայն, կարծում ենք, որ առյուծի բաժինը նվիրված կլինի այնպիսի ուղղությունների, ինչպես մշակույթը, կրթությունը, երիտասարդությունը՚, - ասել է դեսպանը: Նա, միևնույն ժամանակ, համոզմունք է հայտնել, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները հարկավոր է «վարակել՚ այն դրական էներգետիկայով, որն այսօր կա Հայաստանում:
Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում տնտեսական համաժողովին` դիվանագետը ողջունել է այդ նախաձեռնությունը: Ընդ որում, Լաքոտը համոզմունք է հայտնել, որ տնտեսական համաժողովը բացառիկ հնարավորություններ կբացի նաև հայ գործարարների համար: Դիվանագետը նաև կարծում է, որ ՖՄԿ հյուրերը հաճելիորեն կզարմանան Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման մակարդակով: Նա նաև հաղորդել է, որ առաջիկա աշնանը Փարիզում կբացվի ֆրանսիական «Թումոն՚: