Արմինֆո.IDBank-ը այսուհետ իր հաճախորդներին է առաջարկում Visa payWave առանց կոնտակտի քարտեր` Visa Classic և Visa Gold տեսակի, որոնց միջոցով քարտապանները կկարողանան կանխիկացնել քարտի գումարը 0% կանխիկացման վճարով ԱրՔա համակարգի անդամ հանդիսացող բոլոր բանկերի բանկոմատներից, իրականացնել քարտից քարտ փոխանցումներ 0% միջնորդավճարով բանկոմատների և ԱրՔա վիրտուալ քարտի միջոցով, ինչպես նաև ստանալ տարեկան մինչև 4% եկամուտ քարտային հաշվի դրական մնացորդի վրա։
Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, Visa payWave վճարումների համակարգի միջոցով հնարավոր է բոլոր սպասարկող առևտրի կենտրոններում, որտեղ առկա են հատուկ POS տերմինալներ մինչև 10,000 ՀՀ դրամի գործարքներ իրականացնել ՝ առանց քարտը սպասարկողին փոխանցելու՝ ուղղակի քարտը մոտեցնելով սպասարկման տերմինալին, չստորագրելով անդորրագիրը և չմուտքագրելով PIN կոդը, ինչը հաճախորդներին տալիս է ավելի հարմար, անվտանգ, հեշտ և արագ վճարումներ կատարելու հնարավորություն:
«Այսօր բանկային քարտը աշխարհի ցանկացած կետում վճարումներ կատարելու կամ կանխիկ գումար ստանալու ամենաապահով և հարմար միջոցն է: Մենք ուսումնասիրել ենք մեր հաճախորդների պահանջմունքները և ստեղծել հարմարավետ ու շահեկան պրոդուկտ։
Visa payWave-ով գործարքը արագ է կատարվում, հեշտ և հարմար, որն էլ հաճախորդներին ստիպում է ավելի հաճախ օգտվել այդ քարտերից: Իսկ այս առաջարկի ևս մեկ առավելությունն այն է, որ քարտային գործարքների անվտանգության ապահովման նպատակով հաճախորդը կարող է անվճար օգտվել նաև SMS հաղորդագրության ծառայությունից, որի միջոցով կկարողանա տեղեկատվություն ստանալ բանկային քարտով իրականացված յուրաքանչյուր գործարքի վերաբերյալ»,- նշեց IDBank-ի Մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Վարդան Գևորգյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերի քարտային բիզնեսում» վերլուծական 17-րդ թողարկման, IDBank-ի ակտիվ քարտերը 2018 թվականի ապրիլի 1-ին կազմել են ավելի քան 45 հազար, տարեկան աճը`35%, որից մոտ 18 հազարը կազմել են ArCa քարտերը և ավելի քան 22 հազար`Visa քարտերը, իսկ մնացած ավելի քան 5 հազարը կազմել են MasterCard քարտերը: Տարեկան կտրվածքով բանկը թողարկել է շուրջ 12 հազար քարտ, որոնցից 9 հազարը`Visa քարտեր: Բանկի պլաստիկ գործարքների ընդհանուր ծավալը գերազանցել 31 մլրդ դրամը, որոնցից ավելի քան 17 մլրդ դրամը`բանկոմատներով: Ներկայումս Բանկն ունի 155 սեփական POS- տերմինալներ և 52 բանկոմատ: IDBank-ը (նախկինում`Անելիք բանկ) առաջինն էր հայկական բանկերից, որը տեղական քարտերից բացի սկսեց թողարկել միջազգային Visa և Mastercard քարտեր:
Նշենք, որ Անելիք Բանկը 2018 թվականի մայիսի 30-ին հայտարարեց իր ռեբրենդինգի մասին, որի արդյունքում բանկի նոր անվանումն է`ԱյԴիԲանկ: Անելիք Բանկը հայկական շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: 2016 թվականի նոյեմբերին իրականացված լրացուցիչ թողարկմից հետո Բանկի բաժնետերերի կազմը փոխվեց, միացավ կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, 59.68% բաժնեմասով, ինչը նվազեցրել նախկին բաժնետերերի մասնաբաժինը, դեմս Լիբանանյան ԿրեդիտԲանկ S.A.L ի, 100%-ից մինչև 40.32%: Բանկն ունի 14 մասնաճյուղ, որից 8-ը մայրաքաղաքում: