Արմինֆո.Կրոնական մասունքների մասնիկների անջատումը բավականին տարածված ավանդույթ է քրիստոնեական աշխարհում: Հուլիսի 9-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է կրոնագետ Վարդան Խաչատրյանը` անդրադառնալով Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գեղարդի մի մասնիկը Սանկտ Պետերբուրգի քաղաքապետին նվիրելու վերաբերյալ հաղորդումներին, որոնք մեծ հակազդեցություն են հարուցել հանրության շրջանում: Նրա համոզմամբ, այստեղ գլխավորն այն է, որ մասունքը դրանից չի տուժել:
Անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով վերջին բողոքի ցույցերին` կրոնագետը հայտարարել է, թե դրանք կարող են հանգեցնել հոգևոր կյանքի վերաբեռնման, սակայն հարկավոր է գտնել այնպիսի մոտեցում, որը գոհացնի բոլոր կողմրեին, սակայն ամենագլխավորն է, որ որոշումները պետք է բխեն հայ ժողովրդի շահերից: «Անշուշտ, եկեղեցում պետք է իրականացվեն որոշ փոփոխություններ, և ակնհայտ է, որ որոշումները չեն կարող գոհացնել բոլոր կողմերին: Չէ որ նման գործընթացը կարող է ունենալ հակառակ կողմ, այն կարող է հանգեցնել հայ ժողովրդի պառակտման, բացի այդ, կարող է վերաճել խոշոր միջազգային սկանդալի՚, - հայտարարել է Խաչատրյանը:
Կրոնագետը նաև նշել է, թե հասարակությունը պետք է հասկանա և հստակ տարանջատի քաղաքական գործընթացները եկեղեցական գործերից: «Եկեղեցին չպետք է ներքաշվի երկրի քաղաքական կյանքում, եկեղեցին ու իշխանությունը մեկ հարթությունում դնելն անընդունելի է՚, - ընդգծել է Խաչատրյանը:
Կրոնագետը նշել է, որ իրավիճակից լավագույն ելքը եկեղեցում բարեփոխումների իրագործում է: Ընդ որում, նա հայտարարել է, որ Գարեգին Բ-ի հրաժարականի համար հիմքերը, որոնք ներկայացնում են բողոքի ակցիաների մասնակիցները, բնավ համոզիչ չեն: «Մասնավորապես, բողոքողները հայտարարում են, թե Գարեգին Բ-ն ընտրվել է կաշառքի միջոցով, ոչ մի նման բան տեղի չի ունեցել՚, - հայտարարել է կրոնագետը:
Հիշեցնենք, որ Հայաստանում մի քանի շաբաթ բողոքի գործողություններ են ընթանում Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով: Մասնավորապես, ցուցարարները պնդում են, որ Էջմիածնի թանգարանի պահոցիից վաճառվել են արժեքավոր նմուշներ, որոնց թվում է Սուրբ գեղարդը: Եկեղեցու ներկայացուցիչներն, իրենց հերթին, պնդում են, որ գեղարդը չի վաճառվել, նրանից կտրվել է մի մասնիկ, որը նվիրաբերվել է Պետերբուրգի քաղաքապետին: Հուլիսի 7-ին Սուրբ գեղարդը դուրս էր բերվել պահոցից և ցուցադրվել հավատացյալներին, սակայն անմիջապես խոսակցություններ են սկսվել ցուցադրված գեղարդի կեղծ լինելու մասին:
Ավանդույթի համաձայն` գեղարդը, որով խոցել են խաչի վրա մահացած Հիսուսի կողը, Հայաստան է բերել Թադեոս առաքյալը։ Միջին դարերում այն պահվել է Այրիվանքում, որն ավելի ուշ վերանվանվել է և կոչվել Գեղարդի վանք։ Ներկա պահին այդ մասունքը պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Մեծ Բրիտանիայի մասնագետների անցկացրած նորագույն հետազոտությունները հաստատել են, որ հենց Էջմիածնում պահվող գեղարդն է իսկականը, իսկ մյուսները դրա կրկնօրինակներ են: