Արմինֆո. Հայաստանում կատարված փոփոխությունները տարբեր անվանումներով են բնութագրվում, և լավագույններից է «Երիտասարդ Հայաստան» տարբերակը:
Այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական երրորդ ֆորումի ժամանակ, որն անցկացվել է «Ժողովրդավարություն, ավտանգություն եւ արտաքին քաղաքականություն» խորագրով: «Ոչ միայն նրա համար, որ երիտասարդներն էին հիմնականում մասնակցում, երիտասարդական ոգի կար, այլ որովհետեւ երիտասարդությունը նաեւ հավատ է ապագայի նկատմամբ: Երիտասարդ է այն մարդը, ով իր կյանքի նախաշեմին է, եւ կյանքի բոլոր ճանապարհները նրա առջեւ բացված են,-նշել է Արմեն Սարգսյանը եւ հավելել, - ներկայումս մեր երկրի համար եւս բոլոր հնարավորությունները բաց են, եւ պետք է ընտրել բարձրանալու ճանապարհը»:
Արմեն Սարգսյանն իր առաջնահերթ խնդիրներից մեկն է համարել խորհրդարանական հանրապետությունում նախագահական մշակույթի կերտումը։ Նախագահը նաեւ անդրադարձել է Սահմանադրության կարեւորությանը, գոհունակությամբ նշել վերջին շրջանի իրադարձությունների հանգուցալուծումը Սահմանադրության շրջանակում։ «Մենք բոլորս լավ գիտակցում ենք, որ մեր հեղափոխությունը չէր կարող լինել թավշյա, եթե չլիներ Հայաստանի սահմանադրությունը: Սահմանադրությունը հիմնական օրենքն է, եւ եթե երկրում փոփոխություններ, զարգացումներ պետք է լինեն, ապա պետք է լինեն դրա սահմաններում: Ու եթե մի օր Սահմանադրությունը պետք է նորից փոփոխվի, ապա պետք է փոփոխվի ժողովրդի կամքի հիման վրա, ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկն ինչ-որ պատճառով որոշել է փոփոխել այն»,- ընդգծել է Հայաստանի նախագահը: