Արմինֆո.«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը դատարանի որոշմամբ մեկ միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել:
Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը միջնորդել էր կալանավորել Վարդանյանին, բայց, ըստ վերջինիս փաստաբան Երվանդ Վարոսյանի, քննիչը չի առարկել, որ կալանքի փոխարեն դատարանը գրավ կիրառի: Միաժամանակ Վարդանյանը չի ընդունում հիմնադրամից յուրացումներ կատարելու և լիազորությունները չարաշահելու մեղադրանքը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման էր ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել էր, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Ըստ իր խոսքերի, վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը ետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ՝ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն, դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը: Միայն վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016–ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 000 000 մլն ՀՀ դրամ:
Սակայն, Վարդանյանի փաստաբանը հայտարարել էր, որ քննությունը հիմքեր չունի իր պաշտպանյալին ձերբակալելու համար, քանի որ նրա գործողություններում բացակայում է հանցակազմը, հետևաբար՝ նա չի կարող պատասխանատվության ենթարկվել: Ավելին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենն իր գործունեությամբ վնաս չի հասցրել կազմակերպությանը: