Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ֆիզիկական անձանց ժամկետանց սպառողական վարկերի դիմաց կուտակված տույժերի և տուգանքների համաներման գործընթացի մեկնարկի մասին:
Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, ՎՏԲ-Հայաստան Բանկի հայտարարության մեջ ասված է հետևալը.
Հարգելի հաճախորդներ,
Սույն առաջարկը տարածվում է բոլոր տեսակի սպառողական վարկերի վրա (գրավով և անգրավ սպառողական վարկեր, ապառիկ վարկեր, վարկային գծեր, ոսկու գրավով ապահովված վարկեր, վարկային քարտեր) անկախ պարտավորության գումարից և արժույթից:
Առաջարկը գործում է 271 և ավել ժամկետանց օր ունեցող վարկերի համար, որոնք 31.05.2018թ. դրությամբ դասակարգված են եղել որպես անհուսալի: Առաջարկով հետաքրքրված հաճախորդները պետք է մինչև 31.12.2018 թ. այցելեն Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ Հաշտության համաձայնագիր կնքելու համար: Հաշտության համաձայնագիր կնքելու դեպքում հաճախորդը ստանում է մնացորդային պարտավորության մարման նոր ժամանակացույց՝ մինչև 5 տարի մարման ժամկետով՝ Հաշտության համաձայնագրի կնքման օրը առաջին մարումը կատարելու պայմանով:
Հաշտության համաձայնագրի կնքման համար բավարար է անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) ներկայացումը: Գործարքը ձևակերպվում է տեղում՝ սկսած 15 րոպեից, ասված է Բանկի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: