Արմինֆո.ՀՀ ոստիկանապետը չի հավատում «սայթաքեցի, վայր ընկա, արթնացա գիպսում» վարկածին: «Եթե հնարավոր է սայթաքել և նման վնասվածքներ ստանալ, խնդիր չեմ տեսնում»,- կատակով լրագրողներին հայտարարել է Վալերի Օսիպյանը:
Նրա խոսքով, եթե հավատանք այդ վարկածին, ստացվում է հանրապետությունում յուրաքանչյուր երրորդը կարող է նման վնասվածքներ ստանալ: «Չեմ կարծում, թե տուժածի այդ ցուցմունքները համապատասխանում են իրականությանը»,- հայտարարել է նա:
Օսիպյանը հակված է հավատալու սկզբնական վարկածին, որը, ինչպես նշել է ոստիկանապետը, հիմնված է միջադեպից անմիջապես հետո իրավապահ մարիններին տուժածի տված ցուցմունքների վրա: «Թե ինչ է եղել հետո, կռահեք ինքներդ»,- կատակել է նա:
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ միջադեպ էր տեղի ունեցել Ծառուկյանին պատկանող «Օլիմպավանում՚ բռնցքամարտիկների հետ ԱՕԿ ղեկավարության հանդիպման ժամանակ: Միջադեպն սկսվել էր Ծառուկյանի և 2012 թ. պատանիների բռնցքամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հոր` Վյաչեսլավ Հարությունովի միջև վիճաբանությունից, ով հանդգնել էր պաշտպանել Ֆեդերացիայի ղեկավարությանը: Հետո վիճաբանությունը վերաճել էր ծեծկռտուքի: Սկզբում ավագ Հարությունովին ծեծել էր հենց Ծառուկյանը, այնուհետև` նրա թիկնազորի աշխատակիցները: Այդ են վկայում մարմնական ծանր վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված տղամարդու նախնական ցուցմունքները: Դրանց հիման վրա ձերբակալվել էր Ծառուկյանի թիկնազորի պետը` տխրահռչակ Էդոն (Էդուսրդ Բաբայանը), հարցաքննության էր կանչվել ԱՕԿ քարտուղար, ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Հետագայում Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ «Օլիմպավանե մարզասրահում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել քաղաքացու նկատմամբ կիրառված բռնությանը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հնարավոր մասնակցության վերաբերյալ: Սակայն նրա նկատմամբ առայժմ քննչական միջոցառում չի իրականացվել:
Օրվա երկրորդ կեսին տուժածն «անհայտ՚ պատճառներով փոխել է իր նախնական ցուցմունքը, հայտարարելով, թե Ծառուկյանի հետ ջերմ ու բարեկամական հարաբերություններ է պահպանում, և իրեն ոչ ոք չի ծեծել, պարզապես, սայթաքել է, վայր ընկել ու վնասվածքներ է ստացել` ինչպես «Ադամանդե ձեռքը՚ ֆիլմում. սայթաքեցի, վայր ընկա, գիտակցությունս կորցրեցի, սթափվեցի` գիպս: Պարզապես, ի տարբերություն ֆիլմի, տուժածն ստացել է ոչ թե փակ, այլ բազմաթիվ բաց կոտրվածքներ: