Արմինֆո. Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը կստուգի, թե արդյոք «Հայաստան՚ համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը վերադարձրել է հիմնադրամի վարկային քարտից մսխած միջոցները: Այդ մասին հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը:
Նրա ասելով, այսօր վստահությամբ կարելի է ասել, որ Վարդանյանը հիմնադրամի միջոցները ծախսել է առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելու համար: «Ստուգումները ցույց կտան, թե արդյոք նա այդ միջոցները վերադարձրել է «Հայաստան՚ հիմանդրամին՚, - նշել է ԱԱԾ ղեկավարը, հավելելով, որ այդ արարքը, միանշանակ, կարելի է որակել քրեորեն պատժելի:
ԱԱԾ ղեկավարն անդրադարձել է նաև 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող գործի շրջանակում պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելուն: Արթուր Վանեցյանի հավաստմամբ, ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը, և Հարությունյանը երկրից հեռացել է մինչև իր նկատմամբ քրեական հետապնդումը. նախօրեին Միքայել Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Արթուր Վանեցյանը չի մեկնաբանել այն լուրերը, թե նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրավիրվել է ԱԱԾ: Նրա ասելով, անհրաժեշտության դեպքում ԱԱԾ-ն հետագայում կանդրադառնա այդ թեմային: