Արմինֆո. Իրավիճակը Նախիջևանում կայուն չէ, այն մշտապես փոխվում է: Հուլիսի 3-ին «Լռակյաց դիրքային պատերազմներ, կոփում հայ-ադրբեջանական սահմանին. սողացող պատերազմ, թե՞ դիքերի վերադասավորում՚ քննարկման ընթացքում հայտարարել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Նախիջևանում սահման չկա, կան դիրքեր, որոնք հաճախ փոխում են իրենց դասավորությունը: Ավելին, դա ավելի հաճախ անում է հայկական, քան ադրբեջանական կողմը: Բացի այդ, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նախիջևանյան ուղղությամբ, այդ թվում` Երևան-Գորիս խճուղում, չկա անգամ մեկ միլիմետր տեղամաս, որը գտնվի հակառակորդի ուղիղ գնդակոծության տակ: Բնակավայրերը նույնպես նրանց համար անհասանելի են՚, - նշել է Հովհաննիսյանը:
Միևնույն ժամանակ, նա փաստել է, որ դիրքերի վերադասավորությունը դեռ չի նշանակում դրա պատշաճ ենթակառուցվածքի ապահովման հնարավորություն: Նրա ասելով, մի քանի նոր դիրքերը, որոնք տեղակայել է հակառակորդը, լիովին զուրկ են դրանց ուղղությամբ ճանապարհ գցելու հնարավորությունից, և նրանց դիրքերն ավելի խոցելի են, քան` մինչ այդ:
Տեղեկատվական անվտանգության գծով փորձագետ Կարեն Վրթանեսյանն, իր հերթին, փաստել է, որ հայկական կողմից դիրքերի հիմնական տեղաշարժն արձանագրվել էր ապրիլին, իսկ ադրբեջանական կողմից` մայիսին: Նրա ասելով, այդ մասին են վկայում արբանյակային տվյալնները:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել այն մասին, թե, իբր, մայիսի վերջին մի շարք «ռազմավարական կարևորության բարձրունքներ են ազատագրել օկուպացումից, և տեղի բնակիչները վերադարձել են հարազատ վայրեր և այցելել ազգականների շիրիմներ՚: Մինչդեռ, ինչպես հաղորդել է Արծրուն Հովհաննիսյանը, հունիսի 6-7-ին ադրբեջանական կողմի խդրանքով հայկական կողմը, հավատարիմ մնալով մարդասիրական նորմերին և ձեռնարկելով լարվածության թուլացմանն ուղղված քայլեր, համաձայնել էր խաղաղ բնակիչներին թույլ տալ կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատանը: