Արմինֆո.Հայկական կողմը կարողացել է ժամանակին և ճիշտ հասարակայնությանը տեղեկատվություն տրամադրել նախիջևանյան ուղղությամբ առկա իրավիճակի մասին: Հուլիսի 3-ին «Լռակյաց դիրքային պատերազմներ, կոփում հայ-ադրբեջանական սահմանին. սողացող պատերազմ, թե՞ դիքերի վերադասավորում՚ քննարկման ընթացքում հայտարարել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա ասելով, Նախիջևանում տեղի չի ունենում որևէ բան, որը տեղի չի ունեցել Տավուշի ուղղությամբ, ասենք, 10 տարի առաջ, կամ Լեռնային Ղարաբաղում` 20 տարի առաջ: Նրա ասելով, փորձ է արվում ավելի հստակ գծել դիրքերի միջև կապը, այսինքն, փոխվում է դիրք-կղզյակների գտնվելու վայրը, ձեռնարկվում են դրանք միմյանց մոտեցնելու փորձեր, ինչը որոշ սպառնալիք է պարունակում, ինչպես նաև ավելի կանխատեսելի է դարձնում իրավիճակը: Ընդ որում, Հովհաննիսյանը փաստել է, որ այդ գործընթացն առաջինն սկսել է հենց հայկական կողմը:
Միևնույն ժամանակ, Հայաստանի ՊՆ ներկայացուցիչը փաստել է, որ նախիջևանյան ուղղությունն ավանդաբար համարվում էր ավելի հանգիստ` մյուս ուղղությունների համեմատ, սակայն իրավիճակը փոխվել է մոտավորապես վերջին երկու տարում, ավելացել են գնդակոծությունները: «Փաստորեն, Ադրբեջանը փորձում է մեծացնել լարվածության աստիճանը Նախիջևանում և այն հասցնել այն մակարդակի, որը պահպանվում է Տավուշում և Արցախում: Իսկ մենք ձգտում ենք էլ ավելի ամրապնդել մեր դիրքերը՚, - նշել է նա:
Ընդ որում Հովհաննիսյանն ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ երբ պաշտպանական գերատեսչությունն ապրիլ-մայիսին ահազանգում էր լարվածության մեծացման և հակառակորդի կենդանի ուժի ու տեխնիկայի տեղաշարժի մասին, ոմանք լուրջ չէին վերաբերվում այդ հաղորդումներին: ՊՆ ներկայացուցչի ասելով, հակառակորդի նման գործողությունների պատճառները բազմաթիվ են, և դրանք կարելի է մեկնաբանել տարբեր կերպ: «Կարելի է ասել, որ հակառակորդի տեղաշարժը պայմանավորված էր հարձակման նախապատարստմամբ, կամ, հակառակը, նրանք ուժ էին կուտակում մեր կողմից հնարավոր գրոհը հետ մղելու համար: Կարող են լինել բազմամթիվ կարծիքներ: Սակայն ակնհայտ է մեկ բան. հակառակորդին թերագնահատել չի կարելի: Եվ Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը, մասնավորապես, առնվազն վերջին տարում գնդակոծությունների կտրուկ նվազումը ուժերի և տեխնիկայի տեղաշարժի ավելացման ֆոնին` ինչ-որ ծրագրի մաս է: Ուստի, հարկավոր է ամեն րոպե պատրաստ լինել պատերազմի: Թեև չի կարելի ասել, որ առաջիկա ամիսներին հնարավոր է մարտական գործողությունների վերսկսում՚, - եզրափակել է Հովհաննիսյանը:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը, որը հունիսի սկզբին եղել է նախիջևանյան ուղղությամբ մարտական դիրքերում, իր հերթին, փաստել է, որ վերջին տարիներին Նախիջևանի ուղղությամբ իրավիճակը կարելի է որակել անպաշտպան: «Միայն այս տարի Ադրբեջանն սկսել է սեփական դիրքերի ամրապնդումը նախիջևանյան ուղղությամբ: Եվ հենց դրանով են պայմանավորված այդ ուղղությամբ անցկացվող ակտիվ ինժեներական աշխատանքները: Սակայն, խորապես համոզված եմ, որ այսօր Ադրբեջանը պատրաստ չէ մարտական գործողությունների վերսկսման` երկու պատճառով: Առաջինը` Նախիջևանի խոցելիության գործոնը, երկրորդը` կախվածությունը Ռուսաստանից: Այսօր Բաքուն փորձում է չեզոքացնել այդ երկու գործոնները՚, - եզրափակել է Սաֆարյանը: