Արմինֆո. Երևանում քննադատել են առաջիկա հուլիսին լայնածավալ զորավարժություն անցկացնելու Ադրբեջանի մտադրությունը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, ԱրմԻնֆո-ին մեկնաբանելով առաջիկա զորավարժությունը, ասել է. «Ադրբեջանը հայտարարել է հուլիսին լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին: Համաձայն ԵԱՀԿ Վիեննայի Փաստաթղթի 5-րդ բաժնի Ադրբեջանը պարտավոր էր նախօրոք ծանուցել այդ զորավարժությունները առնվազն 42 օր առաջ, ինչը չի կատարվել: Ադրբեջանի կողմից լայնածավալ զորավարժությունների անցկացումը, ի խախտումն ԵԱՀԿ հանձնառությունների կրում է շարունակական բնույթ, բացասաբար ազդելով տարածաշրջանում ռազմական թափանցիկության և կանխատեսելիության վրա : Հայկական կողմը հետևողական բարձրացնում է ԵԱՀԿ հարթակում Ադրբեջանի կողմից սպառազինությունների վերահսկման ռեժիմի և ԵԱՀԿ վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցառումների խախտման խնդիրը ` ընդգծելով, որ նման անպատասխանատու քայլերը սպառնում են ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգությանը և խաղաղությանը՚:
Ինչպես ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հաղորդել էին, վկայակոչելով պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, Ադրբեջանի զինված ուժերը հուլիսի 2-ից մինչև 6-ը անցկացնելու են լայնածավալ զորավարժություններ, որոնցում ներգրավվելու են ադրբեջանական բանակի տարբեր զորամիավորումներ: Զորավարժություններին մասնակցելու է շուրջ 20 հազար զինծառայող, շուրջ 120 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի ավելի քան 200 հրթիռահրետանային սարքավորում, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, տարբեր նշանակության շուրջ 30 ավիացիոն միջոց: Նաև նշվում է, որ զորավարժությունների ընթացքում, հաշվի առնելով մարտական գործողությունների վարման ժամանակակից փորձը, զորքերը կատարելու են տարբեր տեսակի գործողություններ իրականացնելու, այդ թվում՝ պայմանական հակառակորդի դիրքերին հրթիռային, հրետանային, ավիացիոն և ԱԹՍ-ներից հարվածներ հասցնելու առաջադրանքներ: Զորավարժությունների ընթացքում տարբեր զորավարժարաններում նախատեսվում է մարտական հրաձգություն իրականացնել ադրբեջանական բանակի զինանոցում ընդգրկված ժամանակակից զենքերով: