Արմինֆո. Գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնը մտադիր է համագործակցել Ադրբեջանի հետ: Այդ մասին գրում է DW` վկայակոչելով Stern շաբաթաթերթը:
"Մտադրությունների մասին հռչակագրում հստակ ամրագրված է, որ գերմանական պաշտպանական կոնցեռնն Ադրբեջանի հետ համագործակցությունում չի խախտի զենքի մատակարարման նկատմամբ ԵԱՀԿ էմբարգոն: Գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնը մտադիր է գործարքներ կնքել Ադրբեջանի հետ: Հունիսի կեսին գերմանական կոնցեռնի ներկայացուցիչ Ջոն Թեյլորը և Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության այն ժամանակվա նախարար Յավեր Ջամալովը (Ջամալովը մի քանի օր առաջ մահացել է – խմբ.) ստորագրել են «ապագա երկկողմ համագործակցկության շուրջ՚ հռչակագիր` Փարիզի մոտ Eurosatory պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսի շրջանակում՚, - Stern-ից մեջբերում է անում DW-ն:
Կոնցեռնն, իր հերթին, հաղորդել է, որ մտադրությունների մասին հռչակագրում կողմերը պայմանավորվել են ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները: Գերմանական կոնցեռնի տվյալներով, փաստաթղթում ընդգծվում է, որ Rheinmetall-ը կտրամադրի ծառայություններ, որոնց վրա ԵԱՀԿ էմբարգոն չի տարածվում:
Հավելենք, որ Rheinmetall AG խոշորագույն ռազմական տեխնիկա և սպառազինություն արտադրողներից մեկն է Գերմանիայում ու Եվրոպայում: Կենտրոնակայանը գտնվում է Դյուսելդորֆում:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության առնչությամբ ԵԱՀԿ-ն 1992 թվականին արգելք է սահմանել հակամարտող կողմերին` Հայաստանին ու Ադրբեջանին զենքի մատակարարումների նկատմամբ: Ուշագրավ է, որ վերջին շրջանում բացահայտվել է Չեխիայի, Բելառուսի, Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մի քանի աղմկահարույց էպիզոդ: Բաքվում զորահանդեսի ժամանակ ցուցադրվել են Ադրբեջանի զինանոց ստացված ամերիկյան Bell-412 ուղղաթիռներ: