Արմինֆո.ՀՀ Պետեկամուտների կոմիտեի և սուպերմարկետների միջև ավելի քիչ հարկեր վճարելու շուրջ պայմանավորվածություն չի եղել: Այդ մասին հունիսի 28-ին լրագրողների հետ զրույցում հյատարարել է ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը:
Նրա խոսքով, ինքը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն և հարցաքննվել: ՊԵԿ ներկայացուցիչը ձեռնպահ է մնացել գնահատական տալուց, թե իր պատասխանները որքանով են գոհացրել քննչական մարմնին: Բայց, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է ևս մեկ անգամ այցելել գերատեսչություն: Վկայակոչելով քննության գաղտնիությունը՝ Մաշադյանը պատրաստ չէ խոսել այն մասին, թե որ փուլում է գտնվում քննություն, ինչպես նաև արդյոք գործով անցնում են ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:
Այնուամենայնիվ Ռաֆիկ Մաշադյանը պնդում է, որ Պետեկամուտների կողմիտեն որևէ տնտեսվարող սուբյեկտի արտոնություններ չի տվել: «Որևէ պայմանավորվածություն ՊԵԿ-ի և կազմակերպությունների միջև, ինչը վերջիններիս հարկերը թերավճարելու ոչ պաշտոնական իրավունք կտար, չի եղել»,- հայտարարել է նա: Այնուամենայնիվ, ինչպես նշել է Մաշադյանը, ՊԵԿ-ը պարզապես «չի իրականացրել վարչարարություն այն տնտեսվարող սուբյեկտների մոտ, որոնք մեկ հարթակում գործունեություն են իրականացրել երկու կամ ավելի կազմակերպությունների միջոցով»:
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել էր հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա, որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ։ Ձեռք բերված նախնական տվյալներով պարզվել էր, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, հանդիսանալով ավելացված հարկ վճարող կազմակերպություն, դեռևս 2016 թվականի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ`գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, որոնց իրացման շրջանառության սահմանաչափը 115 մլն ՀՀ դրամ է, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ: Բացի այդ, առկա հավաստի տվյալների համաձայն, ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության կողմից նկարագրված եղանակով գործունեություն ծավալելու հնարավորություն է ընձեռվել ցանցային առևտրով զբաղվող ևս 11 խոշոր կազմակերպությունների, ինչն ակնհայտորեն անբարենպաստ և անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծել ավելացված արժեքի հարկով աշխատող, գյուղմթերք վաճառող բազմաթիվ այլ ընկերությունների համար:
Հունիսի 4-ին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, խորհրդարանում անդրադառնալով սուպերմարկետների կողմից կատարված խախտումներին, որոնք 20% ավելացված արժեքի հարկի փոխարեն վճարել են 2% եկամտահարկ, ասել էր, որ այդ գործի շրջանակներում կհարցաքննվի Պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը: «Քանի որ նա ներկա է եղել բանակցություններին, որոնց ընթացքում ՊԵԿ-ը սուպերմարկետների սեփականատերերին տվել է նման արտոնություն»,-հայտարարել էր Վանեցյանը: