Արմինֆո.Հեղափոխություններից հետո, որոնք կառուցվում են ժողովրդի մեծ սպասումների վրա, միշտ տեղի են ունենում աղմկոտ բացահայտումներ և ձերբակալություններ` հասարակայնության սպասումներն արդարացնելու նպատակով:
Հունիսի 26-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է «Կովկաս՚ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա ասելով, որպես կանոն, հասարակությունը կարծում է, թե ողջ խնդիրը հենց մարդիկ են, և նրանց փոխելով երկրում իրավիճակը կփոխվի: «Ներկա իշխանություններն ամեն կերպ փորձում են համապատասխանել ակնկալիքներին, և այն, ինչ այժմ տեղի է ունենում, մասնավորապես, ձերբակալությունները, բացահայտումները, պայքարն ընդդեմ կոռուպցիայի, ՀՀԿ դեմ պայքարը, նոր վերնախավերի օրինաչափ գործողություններ են՚, - նշել է փորձագետը, ընդգծելով, թե նման սցենար ժամանակին եղել է թե Վրաստանում, թե բազմամթիվ այլ երկրներում` գունավոր հեղափոխությունների հաղթանակից հետո:
Իսկանդայանը նաև նշել է, որ իշխանությունների նման գործողությունները մարդկանց համոզում են, որ ողջ խնդիրը նախորդ իշխանությունն էր, և այսուհետև ողջ իրավիճակը կփոխվի դեպի լավը: Ավելին, փորձագետի ասելով, սկզբնական շրջանում մարդիկ` իրենք էլ չեն հավատում, թե իրենց ընտրած իշխանությունը կարող է մասնակցել որևէ անազնիվ գործարքի կամ զբաղվել կոռուպցիայով: «Որպես կանոն, հեղինակություն նվաճելու և ժողովրդի սերը վայելելու համար նոր իշխանությունները հարվածում են ամենահեղինակազրկված և ժողովրդի կողմից չսիրված քաղաքական գործիչներին: Այդպիսով, նրանք բարձրացնում են իրենց վարկանիշը երկրում և նվաճում ժողովրդի սերը՚, - եզրափակել է քաղաքագետը: