Արմինֆո.ՄԵՐԵՑ-ի նախագահ, պատգամավոր Տամար Զանդբերգը հետ է կանչել Հայոց ցեղասպաննության ճանաչման մասին իր օրինագիծը, որը նախատեսվում էր քննարկել հունիսի 2-ին Քնեսետի լիակազմ նիստում:
Ինչպես հաղորդում է իսրայելական «Դետալի»-ն, Զանդբերգը նման որոշում է կայացրել այն բանից հետո, ԱԳՆ-ն ու կոալիցիան պահանջել էին օրինագծում «ցեղասպանություն» տերմինը փոխարինել «ողբերգություն» բառով կամ «հայ ժողովրդի վերապրած սարսափները» արտահայտությամբ: Նա հրաժարվել էր քննարկել ցանկացած առաջարկ, որը չի ներառում «ցեղասպանություն» տերմինը: Գիտակցելով, որ օրինագիծը չի հաջողվի անցկացնել, Զանդբերգը որոշել է հանել այն օրակարգից:
Ելույթ ունենալով Քնեսետի ամբիոնից՝ կուսակցապետը, մասնավորապես. ասել է. «Եթե ոչ մենք, ապա ո՞վ պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մենք ազգ ենք, որն իր վրա զգացել է, թե ինչ է ցեղասպանությունը, ինչ է ատելությունը, ինչ է անմեղ մարդկանց զանգվածային սպանությունը: Մենք պետք է կանգնած լինենք այն մարդկանց առաջին շարքերում, ովքեր ճանաչում են ցեղասպանության փաստը՝ անկախ մեր քաղաքական նախընտրություններից: Սակայն ես տեսնում եմ, որ օրենքի ընդունման չի հաջողվի ապահովել ձայների անհրաժեշտ մեծամասնությունը»:
Ոմանք կարծում են, որ Քնեսետի պատգամավորների նման մտադրությունները երկար ժամանակ է արգելափակվում են, քանի որ կարող են ազդել Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վրա:
Ուշագրավ է, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածվել էր տեղեկատվություն, թե օրինագիծը Քնեսետի նիստի օրակարգից հանվել է Իսրայելի պաշտպանության նախարար, Ադրբեջանի մեծ բարեկամ Ավիգդոր Լիբերմանի ջանքերի շնորհիվ: