Արմինֆո.ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանը բերման է ենթարկվել, հայտնում են մի շարք լրատվամիջոցներ:
Նշվում է, որ վերջինս բերման է ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: ԱԱԾ մամուլի ծառայությունից տեղեկություններ ստանալու ԱրմԻնֆո-ի փորձերը հաջողությամբ չեն պսակվել:
Հիշեցնենք, որ հունիսի 20-21-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով կատարված խուզարկությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա հունիսի 22-ին քրեական գործ է հարուցվել հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ: Ինչպես տեղեկացրել է ՔԿ լրատվական ծառայությունը, քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել նաև «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում,«Սելենա. ՍՊ ընկերության տնօրեն Ս.Կարապետյանի, «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ. Բեգլարյանի բնակության վայրերում, վերջինիս ավտոտնակում։ Արդյունքում ՝ «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ.Բեգլարյանի բնակության վայրում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ 35.000.000 ՀՀ դրամ, 1.110.400 ԱՄՆ դոլար, 230.500 եվրո, իսկ ավտոտնակից՝ 2.000 ԱՄՆ դոլար, «Ֆրանկ Մյուլլերե ապրանքանիշի 2 հատ ժամացույց, «Ռենջ Ռովեր» և «Մերսեդես Բենց» մակնիշի 1-ական ավտոմեքենաներ: Նախաքննությամբ պարզվել է, որ Ռ.Բեգլարյանի ամուսինը՝ Վ. Ղազարյանը հանդիսացել է բարձրաստիճան պաշտոնատար անձ, հետևաբար «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պարտավոր է եղել օրենքով նախատեսված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել գույքի, եկամուտների հայտարարագրեր: Սակայն ինչպես Վ. Ղազարյանի, այնպես էլ վերջինիս կնոջ՝ Ռ. Բեգլարյանի հայտարարագրերում բացակայում են նշումներ խուզարկությամբ հայտնաբերված, վերը թվարկված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների և թանկարժեք իրերի վերաբերյալ: