Արմինֆո. Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը եւ ելնելով քաղաքական լուծումներ տալու անհրաժեշտությունից` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված 4 խմբակցությունները հայտարարում են, որ պատրաստակամ են սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, ձեւավորել աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձեւաչափով:
«Աշխատանքային խումբը պատրաստակամ է համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատանքային խմբի լիազոր ներկայացուցիչների հետ (երեք ներկայացուցիչ): Քննարկումների հետագա աշխատանքն այլ շահագրգիռ դերակատարների հետ, ժամանակացույցը, պարբերականությունը կհաստատվեն աշխատանքային խմբի առաջիկա քննարկումների ընթացքում»,-նշվում է ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների համատեղ հայտարարության մեջ:
ՀՀ ԱԺ խմբակցությունների ձեւավորած աշխատանքային խմբի անդամներն են.
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունե խմբակցություն՝ Արփինե Հովհաննիսյան, Դավիթ Հարությունյան, Վիգեն Սարգսյան:«Ծառուկյան» խմբակցություն՝ Նաիրա Զոհրաբյան, Սերգեյ Բագրատյան, Գեւորգ Պետրոսյան:
«Ելք» խմբակցություն՝ Էդմոն Մարուքյան, Լենա Նազարյան, Գրիգորի Դոխոյան:
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն՝ Արմեն Ռուստամյան, Սպարտակ Սեյրանյան, Լուսինե Հովհաննիսյան: Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով, որը կգլխավորի ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, իսկ հանձնաժողովի քարտուղարը կլինի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը: