Արմինֆո.ՀՀ խորհրդարանում գաղտնի քվեարկություն է ընթանում Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի շուրջ՝ նրան քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով:
Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնել է, որ ՀՀԿ-ից պատգամավորները խոչընդոտներ չեն ստեղծի քննության համար: Մինչդեռ, ելնելով անմեղության կանխավարկածից, խմբակցությունը հետևողական է լինելու Մանվել Գրիգորյանի գործի բոլոր հանգամանքների բացահայտման հարցում: «Եթե գլխավոր դատախազի մեղադրանքները հաստատվեն, մեղադրյալը պետք է պատիժ կրի օրենքի ողջ խստությամբ՝ անկախ զբաղեցրած դիրքից»,- նշել է պատգամավորը:
Նշենք, որ հունիսի 19-ին Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ազգային ժողովի պատգամավորներին միջնորդություն է ներկայացրել Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար: Հունիսի 15-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից անհայտ անձից, չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում, ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պահելու փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է: Մեղադրյալին սպառնում է երեքից մինչև ութ տարի ազատազրկում: