Արմինֆո.Քանի որ վերջին ժամանակներս Թուրքիայում տնտեսական աճի կայուն նվազում է դիտվում, և, հնարավոր է, մոտ ժամանակներս իրավիճակը միայն վատթարանա՝ Ռեջեփ Էրդողանը որոշել է վաղաժամկետ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Այդ մասին հունիսի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Փորձագետը նշել է, որ հիմնական քաղաքական ուժերը հանդես կգան կոալիցիայով: Թուրքիայի առաջատար ընդդիմադիր կուսակցությունները պայմանավորվել են ստեղծել կոալիցիա, որպեսզի առաջիկա վաղաժամկետ խոհրդարանական ընտրություններում հանդես գան միասնական դաշինքով: Նախագահն իր հերթին նույնպես կոալիցիա է ստեղծում: Հարցումների տվյալների համաձայն՝ Էրդողանի կոալիցիան, ամենայն հավանականությամբ, կստանա ձայների շուրջ 48%-ը: Սակայն, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» հանդես կգա միայնակ և կհավակնի խորհրդարանում տեղի: «Ուզում եմ նշել, որ Էրդողանի համար, անշուշտ, կարևոր դեր է խաղում, թե արդյոք այդ կուսակցությունը կմտնի խորհրդարան: Դա պայմանավորված է 2 գործոնով. եթե այդ կուսակցության ներկայացուցիչներն ավելի քան 10% ձայն ստանան և մտնեն խորհրդարան, Էրդողանը կզրկվի օրենսդիր մարմնում մեծամասնությունից, իսկ եթե կուսակցությունը բավականաչափ ձայն չստանա, դրանք ինքնաբերաբար բաժին կհասնեն նրան, ով այդ ընտրատեղամասում երկրորդ տեղը կզբաղեցնի: Տվյալ դեպքում այդ ձայները, ամենայն հավանականությամբ, բաժին կհասնեն Էրդողանին: Այդպիսով՝ նա մեծամասնություն կապահովի խորհրդարանում»,- նշել է Սաֆրաստյանը:
Նշենք, որ միևնույն օրը՝ 2018 թ. հունիսի 24-ին, Թուրքիայում տեղի կունենան վաղաժամկետ խորհրդարանական և նախագահական ընտրություններ: