Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հանդես են եկել Հայաստան այցի արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, Երևան այցի շրջանակում համանախագահները հունիսի 12-14-ը հանդիպումներ են անցկացրել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հաղորդման համաձայն, հանդիպումներին մանսակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկաայցուցիչ Անջեյ Կսպրշիկը:
Հաղորդագրության համաձայն, համանագահններն ու Հայաստանի պաշտոնական անձինք դիտարկել են բանակցությունների ընթացքը և քննարկել գործընթացն առաջ մղելու ուղղությամբ հետագա քայլերը, այդ թվում՝ արտգործնախարարների մակարդակի հանդիպման կազմակերպումը մոտ ապագայում: «Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախի ու Ադրբեջանի զորքերի շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով կառուցողական մթնոլորտը պահպանելու կարևորությունը: Համանախագահները վերահաստատել են հանձնառությունը՝ օգնելու կողմերին գտնել հակամարտության խաղաղ կարգավորումը՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների վրա, այդ թվում՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշումը: Հայաստանի պաշտոնյաներն իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքներին, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել շարունակելու արդյունավետ աշխատանքը համանախագահների հովանու ներքո՚, - ասվում է ԵԱՀԿ գրասենյակի տարածած հայտարարությունում: