Արմինֆո. Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ։ Ինչպես «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է Արմեն Գրիգորյանը, հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել են վերջին օրերին, առավելապես՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում ադրբեջանական կողմից զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժն ու կուտակումները Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում։
«Հարկ եմ համարում փաստել, որ այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները գտնվում են տարածաշրջանում, ադրբեջանական կողմն իր նման սադրիչ գործողություններով հերթական անգամ խոչընդոտում է Լեռնային-Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հայկական կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ջանքերը, ինչպես նաև միտումնավոր փորձում է ապակայունացնել իրավիճակը ողջ տարածաշրջանում։ Արցախի Հանրապետության ՊԲ առաջապահ ստորաբաժանումները աչալրջորեն հետևում են հակառակորդի գործողություններին և ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր՚, - գրել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը:
Հավելենք, որ ԱՀ ՊՆ տեղեկատվության համաձայն, տեսատեղեկատվական քարոզչությանը զուգահեռ, վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում են նաև հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ: