Արմինֆո. ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են ադրբեջանական կողմում գերության մեջ գտնվող հայերին և հայկական կողմում գտնվող ադրբեջանցիներին: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթկցին հաղորդել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության մամուլի ծառայության աշխատակից Էթերի Մուսայելյանը, այցելությունները կայացել են մայիսին: «ԿԽՄԿ աշխատակիցները կանոնավոր հիմունքով այցելում են կողմերի մոտ պահվող անձանց: Այցելությունների նպատակը նրանց պահման և նրանց հետ վարվելու պայմաններին ծանոթանալն է, ինչպես նաև հարազատների հետ կապի ապահովումը՚, - նշել է նա:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում պահվում է երեք ադրբեջանցի՝ դիվերսանտներ Դիլհամ Ասերովը և Շահբազ Գուլիևը, ովքեր իրենց պատիժն են կրում Արցախում, ինչպես նաև Էլնուր Հուսեյնզադեն, ով 2017 թ. փետրվարի 1-ին գերեվարվել էր Թալիշ գյուղի մոտակայքում՝ ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու և դիվերսիա իրականացնելու փորձի կասկածանքով:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը, ինչպես նաև խմբի սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը 2014 թվականի հունիսի 29-ին ապօրանաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը և ներթափանցել Շահումյանի շրջանի տարածք` հետախուզական գործունեություն ծավալելու նպատակով: Նրանք հատուկ առաջադրանքով տեղեկատվություն էին հավաքել և իրականացրել լրտեսական գործունեություն: Հուլիսի 4-ին զենքի կիրառմամբ առևանգել էին անչափահաս Սմբատ Ցականյանին, ում դիակը հայտնաբերվել էր հուլսի 15-ին Շահումյանի շրջանի Քավաճառ և Մանաշիդ համայնքների անտառային գոտում` հրազենային վիրավորումներով: Հուլիսի 11-ին Հասանովը Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին ազգային ատելության հողի վրաի հրազենից արձակած գնդակով սպանել էր Երևանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին, իսկ Ձորաղբյուր գյուղի բնակչուհի Կարինե Դանիելյանին հրազենային վիրավորում էր պատճառել: 2014 թ. դեկտեմեբրի 29-ին Արցախի դատարանի որոշմամբ Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը` 22 տարի ազատազրկման:
Ադրբեջանում պահվում է երկու հայ՝ ռազմագերի Արսեն Բաղդասարյանը, ով Բաքվի դատարանի կողմից դատապարտվել է 15 տարի ազատազրկման և հովիվ Զավեն Կարապետյանը, ով գերեվարվել է նախորդ տարվա ամռանը: