Արմինֆո. Նախօրեին Մոսկվայի կենտրոնական հյուրանոցներից մեկում տեղի է ունեցել «Ռուսաստանի հայերի միավորում» նոր հասարակական կազմակերպության շնորհանդեսը: Marriot Grand Hotel հյուրանոցում է հավաքվել շուրջ 400 հայ, այդ թվում՝ գործարարներ, հայկական երիտասարդական միությունների ներկայացուցիչների, մշակույթի և արվեստի գործիչներ, որոշ հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Միջոցառման հրավիրված էին նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչները:
Միջոցառման հատուկ հյուրերն էին գործարար շրջանակներում հայտնի «Ռուցոգ» շինարարական հոլդինգի նախագահ Ռուբեն Գրիգորյանը և Repat Armenia հիմնադրամի տնօրեն Վարդան Մարաշալյանը:
Արդեն ճեմասրահում հավաքվածներն ակտիվորեն քննարկում էին նոր նախաձեռնությունը. ոմանք ոգևորված ողջունում էին, մյուսները՝ կարճ կյանք կանխատեսում՝ հարց տալով, թե արդյո՞ք նորաստեղծ կառույցը Ռուսաստանի հայերի միությանն այլընտրանք չէ: Սակայն, ավելորդ չէ նշել, որ նոր միավորման նախաձեռնողների թվում է Մոսկվայի և ազգերի մշակույթի հայկական թանգարանը, որի հիմնադիրը, ինչպես հայտնի է, միջոցառման հատուկ հյուր Ռուբեն Գրիգորյանն Է:
Շրջանառվող լուրերի համաձայն, հենց «Ռուցոգի» ղեկավարն է նոր կազմակերպության հովանավորը, որը, նույն լուրերի համաձայն, ստեղծվում է՝ ի հակակշիռ Ռուսաստանի հայերի միության:
Հավաքվածներից ոմանք հիշել են նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ «Ռուցոգի» ղեկավարի բիզնես կոնֆլիկտի մասին: Ակնհայտ է Մոսկվայում հայ համայնքի շահերը ներկայացնող առանցքային կառույց դառնալու հնարավորության համար բացահայտ պայքարը:
Նոր միավորումը նախանշել է ընդհանուր նպատակներն ու խնդիրները, որոնք կայանում են հայերի հեղինակության բարձրացման, ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակեցման, Ռուսաստանում հայերի շահերի պաշտպանության մեջ: Միաժամանակ կազմակերպությունն առայժմ չունի սփյուռքի հրատապ խնդիրների լուծման, Ռուսաստանի ռեգիոններում հայկական միավորումների հետ փոխգործակցության հստակ մեխանիզմներ: Ամեն դեպքում սկզբունքորեն կարևոր է, որպեսզի Ռուսաստանի հայ համայնքը, պահպանելով իր արմատների նկատմամբ հավատարմությունը, անհրաժեշտ պահերին լոյալություն ցուցաբերի Կրեմլի հանդեպ: Այդ սխեմային այսօր այլընտրանք չկա, ինչպես նաև ՌՀՄ-ին, որի որոշակի իներտությունը պետք է դիտարկել նույն լոյալության համատեքստում:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ