Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի հարցաքննության վերաբերյալ ԶԼՄ-ներից մեկի հրապարակմանը:
Ինչպես հայտնում է 2rd.am-ը, ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, արձագանելով այդ հրապարակմանը, մասնավորապես, հայտարարել է. « 1in.am-ի այդ լուրը կարդալիս ինձ զանգահարեց պարոն Գրիգորյանը և իր վրդովվմունքը հայտնեց նշված հոդվածի կապակցությամբ: Նա հայտնեց, որ որևէ հարցաքննության չի ենթարկվել և այդ թեմային առնչվող հայտարարություններ չի արել, առավել ևս` նման մտացածին ու կեղծ բովանդակությամբ հայտարարություն, որ վերագրվել է իրեն: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում նա չէր կարող պատմել իր և նախագահ Քոչարյանի հեռախոսազրույցի մասին, քանի որ երբևէ նման զրույց չի ունեցել: Այնպես որ գործ ունենք նշված կայքի կողմից նախագահ Քոչարյանին ուղղված հերթական կեղտոտ հերյուրանքի հետ»:
Ավելի վաղ 1in.am-ը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ վերջերս հարցաքննվել է Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը: «Գրիգորյանի հարցաքննությունը կարևոր է այնքանով, որ հենց նա էր ղեկավարում խաղաղ ցուցարարների դեմ իրականացված հատուկ միջոցառումը, որին զոհ գնացին ՀՀ 10 քաղաքացիներ, որոնց թվում՝ 8 խաղաղ ցուցարարներ: Եվ ահա, ըստ մեր աղբյուրի, Գրիգոր Գրիգորյանը հարցաքննության ժամանակ հայտնել է, որ ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանից: Ավելին՝ Քոչարյանը մանրամասն հրահանգավորել է, որ ցուցարարների վրա դիմահար կրակ բացվի և կիրառվեն նման դեպքերի համար արգելված հատուկ միջոցներ: Քանի որ Քոչարյանը լինելով նախագահ, միաժամանակ գերագույն գլխավոր հրամանատարն էր, ներքին զորքերի հրամանատարը չի կարողացել ընդդիմանալ և չկատարել երկրի ղեկավարի արյունոտ հրամանները: Ավելին՝ Գրիգորյանը տեղեկացրել է, որ ինքը իր անձնական ապահովության համար ձայնագրել է իր և Քոչարյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը, և այն կարող է ներկայացնել որպես իր ասածների հիմնավորում»,- գրել էր 1in.am-ը: