Արմինֆո. Արցախի Հանրապետության նոր պետնախարար կդառնա ֆինանսների գործող նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են Արցախի կառավարության աղբյուրները:
Այսօր առավոտյան ժողովրդական հուզումների հետևանքով հրաժարական են տվել Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև Արցախի ոստիկանապետը և ԱԱԾ ղեկավարը:
Գրիգորի Մարտիրոսյանը ծնվել է 1978 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում: 1995 թվականին ավարտել է Ստեփանակերտ քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցը:1999 թվականին գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի բակալավրիատը: 2001 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի մագիստրատուրան: 2004 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ասպիրանտուրան: 2004 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 1998-1999 թվականներին աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությունում` որպես առաջին կարգի տնտեսագետ:
2000-2005 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությունում` որպես առաջատար մասնագետ: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում` որպես գլխավոր մասնագետ: 2007 թվականին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի տեղակալ: 2008 թվականին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ:
2015 թվականին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ: 2017 թվականին նշանակվել է ԱՀ ֆինանսների նախարար: 2010 թվականից դասավանդում է Արցախի պետական համալսարանում: Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով և ԼՂՀ վարչապետի հուշամեդալով: Ամուսնացած է, ունի երեք երեխա: