Արմինֆո.Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականին հետևել է ոստիկանապետ Կամո Աղաջանյանի հրաժարականը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են Արցախի կառավարության աղբյուրները` չբացառելով Արցախի ԱԱԾ ղեկավար Արշավիր Ղարամյանի պաշտոնանկության հնարավորությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Ստեփանակերտում ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ ծեծկռտուքի հետևանքով 15 մարդ էր բերման ենթարկվել: Արցախի ոստիկանության հաղորդման համաձայն, հունիսի 1-ին ժամը 19:25-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման են ենթարկվել 15 քաղաքացիներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար: Միջադեպի առնչությամբ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը հունիսի 2-ին կայացրել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ սկսելու մասին որոշում: Գիշերվա ժամը 3։30-ին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը այցելել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն և հերթապահ բժշկից տեղեկացել տուժողների առողջական վիճակի մասին։ Ըստ հերթապահ բժշկի՝ երկու տուժողները հոսպիտալացվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։