Արմինֆո. ՀՀԿ խմբակցությունը լքել է հինգերորդ պատգամավորը` SAS սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը:
Այժմ ՀՀԿխմբակցության 58 պատգամավորներից մնացել են 53-ը: Չի բացառվում, որ պատգամավորների արտահոսքը ՀՀԿ խմբակցությունից շարունակվի նաև առաջիկա օրերին:
Ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, վկայակոչելով ՀՀԿ գործարար շրջանակների աղբյուրները, օրերս տեղի է ունեցել ՀՀԿ խմբակցության հավաք, որին ներկա է եղել նաև կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը: Հաշվի առնելով վերջին իրադարձությունները /ՀՀԿ անդամ գործարարների ձեռնարկություններում ստուգումներ-խմբ./՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀԿ այն անդամները, ովքեր զբաղվում են բիզնեսով, կարող են լքել կուսակցության շարքերը, եթե գտնում են, որ այդ որոշումը բխում է իրենց շահերից: Ինչ վերաբերում է ՀՀԿ «գաղափարական թևին»՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ նրանք նույնպես կարող են լքել կուսակցությունը, եթե նպատակահարմար են գտնում, բայց այդ դեպքում պետք է հրաժարվեն պատգամավորական մանդատից: «Այդպես ազնիվ կլինի»,- ամփոփել է Հայաստանի երրորդ նախագահը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀԿ խմբակցությունը լքել էին Ֆելիքս Ցոլակյանը, Արթուր Գևորգյանը, Շիրակ Թորոսյանը և Արման Սահակյանը: