Արմինֆո.Օրենքի շրջանցմամբ ձեռներեցությամբ զբաղվող անձանց ցուցակը կարող է ընդլայնվել: Այդ մասին հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` հունիսի 1-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա ասելով, 350 մարդ, ովքեր տեղյակ չեն, որ զբաղվում են խոշոր բիզնեոսվ և հարկեր չեն վճարում, ինչի մասին այդքան խոսվել է, կարող են դառնալ 460: «Իսկ այն 11 կազմակերպությունների մասով, որոնք նույնպես պետք է հրավիրվեն (ԱԱԾ – խմբ.), ցուցակը կարող է ներառել 1000 և ավելի մարդու՚, - հայտարարել է նա:
Մեկնաբանելով այն հայտարարությունները, թե ԱԱԾ բացահայտումներն իրականում այդպիսին չեն, քանի որ նման սխեմաների մասին բոլորն են իմացել, Վանեցյանը հայտարարել է. «Պատկերացնում եք, թե ինչեր կարող են խոսել մարդիկ, որոնք տարիներ շարունակ աշխատել են օրենքի խախտմամբ՚:
Ինչ վերաբերվում է ՊԵԿ նախկին ղեկավար Վարդան Հարությունյանին հարցաքննության կանչելու հնարավորությանը, ապա, ԱԱԾ տնօրենի ասելով, «քննությունը ցույց կտա՚:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը ԱԱԾ նորանշանակ ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ իր գլխավորած գերատեսչությունն ակտիվորեն պայքարում է կոռուպցիայի դեմ: Միևնույն ժամանակ, նա հավաստիացրել էր, որ ավանդաբար կոռումպացված հաստատությունները ներկայումս լիովին դադարեցրել են անօրինական գործողությունները: Նրա ասելով, խոսքը գնում է մաքսային, հարկային, դատական, ինչպես նաև ոստիկանության որոշ ծառայությունների մասին: Միևնույն ժամանակ, ըստ նրա, ակտիվ աշխատանք է կատարվում նախկինում կատարված հանցագործություններում կոռումպացված շղթաների բացահայտման համար: «Շուտով կբացահայտվեն կոռուպցիոն սխեմաների շնորհիվ անօրինական հարստացած անձանց անունները: Այս սխեմաների միջոցով ոմանք տարիներ շարունակ պետությունից գումարներ են գողացել և անօրինական հարստացել: Անհրաժեշտ է գտնել լուծումներ, որոնք թույլ կտան ետ բերել գողացված գումարները, այլ ոչ թե նրանց նստացնել բանտ, քանի որ դրանով հարցը չի լուծվի: Հայաստանում կա 350 մարդ, ովքեր չգիտեն, որ զբաղվում են խոշոր բիզնեսով և չեն վճարում հարկեր: Նրանցից վերցվել են անձնագրերը և գրանցել բիզնեսը: Այդ մարդիկ չգիտեն, որ ունեն խոշոր բիզնես և ապրում են դժվարին սոցիալական պայմաններում: Մինչև ամսվա վերջ մենք արդեն կունենանք ամբողջական պատկերը», - ասել էր ԱԱԾ նորանշանակ ղեկավարը: Արդեն նախորդ շաբաթվա վերջին կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ԱԱԾ-ն բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Ընդ որում, ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Մասնավորապես, տեղեկություններ են ստացվել այն մասին, որ փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող քաղաքացիներին պատկանող բեռների տեղափոխման և մաքսազերծման բիզնեսը թվով 9 այսպես կոչված «կարգո» ընկերություններից վերցնելու և մեկ` մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունում այն կենտրոնացնելու նպատակով Միացյալ Թագավորությունում` Շոտլանդիայում (նախնական տվյալներով` օֆշորային գոտում), գրանցված «Նորֆոլկ Փրոջեկտ ԼՓ» ՍՊ ընկերության կողմից 2017 թվականի հունիս ամսին ՀՀ-ում հիմնադրվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը: «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը և պատասխանատու ևս երեք աշխատակիցներ ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Քրեական գործով որպես վկա հարցաքննության են կանչվել ՀՀ ՊԵԿ նախագահի երկու նախկին տեղակալներ: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` գործի համար կարևորություն ներկայացնող բոլոր հանգամանքները և առնչակից մյուս անձանց պարզելու, ինչպես նաև պատճառված վնասն ամբողջությամբ հատուցելու ուղղությամբ:
Ավելի ուշ բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ։ Ձեռք բերված նախնական տվյալներով պարզվել է, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, հանդիսանալով ավելացված հարկ վճարող կազմակերպություն, դեռևս 2016 թվականի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, որոնց իրացման շրջանառության սահմանաչափը 115 մլն ՀՀ դրամ է, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ: Այնուհետև, «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության ղեկավար կազմը, մինչև 2018 թ. մայիս ամիսը ներառյալ ժամանակահատվածում, ինչպես իրենց ընկերության աշխատակիցների, այնպես էլ վերջիններիս ընտանիքների անդամների և ծանոթների անվամբ, հիմնականում նույն նոտարի մոտ, գրանցել են 461 ԱՁ-ներ, որոնք գործունեություն են ծավալել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում: Ընդ որում, դրանց մի մասը գրանցվել են առանց քաղաքացիների գիտության՝ օգտագործելով «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունում պահվող նրանց անձը հաստատող փաստաթղթերը կամ դրանց պատճենները։ Երբ ԱՁ-ների շրջանառությունը հասել է 115 մլն ՀՀ դրամի շեմին, գործունեությունը դադարեցվել կամ լուծարվել է, որից հետո օգտագործվել են նոր գրանցված այլ ԱՁ-ներ։
Պետությանը պատճառված վնասի ճշգրիտ չափը հաշվարկվելու է «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության գործունեության վերաբերյալ սահմանված կարգով նշանակված մասնագիտական (հարկային) ստուգմամբ և դատահաշվապահական փորձաքննությամբ: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի («Առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելը») և 189-րդ հոդվածի 3-րդ մասի («Կեղծ ձեռնարկատիրություն») հատկանիշներով: Քրեական գործի շրջանակներում միաժամանակ իրականացվել են թվով 10 խուզարկություններ, որոնց արդյունքում առգրավվել են հաշվապահական բնույթի փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ, գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր, հարցաքննվել են «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության գործունեության պատասխանատու աշխատակիցները, ԱՁ-ների գրանցումն իրականացրած նոտարը, ինչպես նաև քաղաքացիների մի մասը, ում անվամբ գրանցվել են ԱՁ-ները: Բացի այդ, առկա հավաստի տվյալների համաձայն, ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության կողմից նկարագրված եղանակով գործունեություն ծավալելու հնարավորություն է ընձեռվել ցանցային առևտրով զբաղվող ևս 11 խոշոր կազմակերպությունների, ինչն ակնհայտորեն անբարենպաստ և անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծել ավելացված արժեքի հարկով աշխատող, գյուղմթերք վաճառող բազմաթիվ այլ ընկերությունների համար: Քրեական գործի շրջանակներում ստուգողական բնույթի գործողություններ են իրականացվելու նաև նշված 11 ընկերությունների նկատմամբ, ուստի վերջիններիս առաջարկվում է ինքնուրույն վերահաշվարկել նկարագրված եղանակով չվճարված հարկերի չափը և համապատասխան տեղեկություններ տրամադրել նախաքննական մարմնին` վարույթի շրջանակներում վնասի հատուցման հարցը լուծելու համար։ Նախաքննությունը շարունակվում է:
Մինչդեռ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պնդում է, որ ավելի քան 300 մասնավոր ձեռնարկությունների միջոցով բիզնես վարելու և հարկերի վճարումից խուսափելու մասին ԱԱԾ հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում: Նա ընդգծել է, թե այն մեխանիզմը, որ գործել է ցանցային սուպերմարկետներում, ներդրվել է քննարկման արդյունքում, որի մասին բոլոր իմացել են, և որին մասնակցել է նաև ինքը: