Արմինֆո. Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը կարծում է, որ 2017 թվականին Հայաստանում կրոնի ազատության վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի գնահատականն, ընդհանուր առմամբ, դրական է: Մայիսի 31-ին Խաղաղության կորպուսի կամավորների երդման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում, պատասխանելով դպրոցներում ՀԱԵ պատմության դասավանդման առնչությամբ բացասական գնահատականի վերաբերյալ հարցին, մասնավորապես, ասել է. «Եթե ուսումնասիրենք զեկույցը, ապա 2017 թվականին Հայաստանում կրոնի ազատությանն անռչվող իրավիճակի գնահատականն, ընդհանուր առմամբ, դրական է՚:
Դեսպանը նաև կարծիք է հայտնել, որ ցանկացած հասարակությունում և երկրում, այդ թվում` ԱՄՆ-ում, այդ ոլորտում կան հարցեր, որոնք մտահոգություն են հարուցում: «Մեզ մտահոգւոմ է, որպեսզի այլ հավատ դավանող երեխաները Հայաստանի դպրոցներում ՀԱԵ պատմության դասավանդման պայմաններում իրենց նկատմամբ խտրականություն չզգան: Մենք այդ հարցը բարձրացրել ենք նաև Հայաստանի պաշտոնյաների և ՀԱԵ ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ՚, - եզրափակել է ԱՄՆ դեսպանը:
Նախօրեին ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է 2017 թվականին կրոնի ազատությանն առնչվող միջազգային իրավիճակի մասին զեկույցը:
Փաստաթղթում ընդգծվում է Հայաստանի կրոնական փոքրամասնությունների մտահոգությունը դավանանքի ազատության մասին օրինագծի առնչությամբ, որը, նրանց համոզմամբ, կարող է բացասական ներգործություն ունենալ կրոնական փոքրամասնությունների վրա: Նաև ընդգծվում է, որ, ի տարբերություն նախորդ տարիների, «Եհովայի վկաները՚ չեն հաղորդել իրենց համախոհների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերի մասին, սակայն արձանագրվել է բանավոր վիրավորանքի 10 դեպք` նախորդ տարվա 17-ի դիմաց: Կրոնական խմբերի և ՀԿ-ների հավաստմամբ, նախորդ տարիների համեմատ սկսել է բարելավվել լրատվական մթնոլորտը, թեև «Եհովայի վկաների՚ ասելով, ԶԼՄ-ներում եղել են բացասական հաղորդումների դեպքեր:
Զեկույցում նաև ընդգծվում է, որ ԱՄՆ դեսպանն ու դեսպանության աշխատակիցները պաշտոնյաների հետ հանդիպումներում շարունակել են կրոնական հանդուրժողականության և միջեկեղեցական եկխոսության քարոզումը: Նրանք հանդիպումներ են անցկացրել նաև ՀԱԵ առաջնորդների հետ` կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործում եկեղեցին ներգրավելու նպատակով: Դեսպանությունն օգտագործել է սոցիալական ցանցերը` կրոնական հանդուրժողականության վերաբերյալ հաղորդումներ տարածելու համար: Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ դեսպանն ու դեսպանատան պաշտոնյաները կանոնավոր կերպով հանդիպել են կրոնական փոքրամասնությունների խմբերի հետ` Հայաստանում կրոնական ազատության վիճակը քննարկելու նպատակով: