Արմինֆո. Այսօր դատարանի որոշմամբ ազատ է արձակվել «Սասնա Ծռերին» աջակցելու գործով ևս մեկ մեղադրյալ` Մանվել Աթոյանը: Նրա փաստաբան Արա Կարագյոզյանը միջնորդություն էր ներկայացրել մեկ միլիոն դրամ գրավի դիմաց իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց վերացնելու վերաբերյալ:
Կարագյոզյանը հայտարարել էր, որ Աթոյանն ունի տարեց ծնող և 4 տարեկան երեխա: Փաստաբանը նաև հավաստիացրել էր, որ Մանվել Աթոյանը մտադիր չէ թաքնվել քննչական մարմնից: Դատախազը խափանման միջոցը փոխելու համար հիմնավորումները համարել էր ոչ բավարար: Այդուհանդերձ, դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշել է բավարարել միջնորդությունը և Աթոյանին ազատ արձակել դատարանի դահլիճից:
Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր չմեկնելու մասին ստորագրությամբ ազատ էր արձակվել «Սասնա Ծռերին» աջակցելու գործով մեղադրյալ Խաչատուր Գիչյանը: Ավելի վաղ 10 միլիոն դրամ գրավի դիմաց փոխվել էր նույն գործով մեղադրյալ Կարո Եղնուկյանի նկատմամբ խափանման միջոցը: